Մասյացոտնի թեմի կարգալույծ եւ պաշտոնանկ արված նախկին առաջնորդ Արման Սարոյանն այսօրվա նիստին չէր ներկայացել։ Նա դատարանին միջնորդել էր հետաձգել նիստը, քանի որ չի ստացել միջնորդությունը եւ ծանոթ չէ դրա բովանդակությանը։ Պատասխանողի միջնորդությունը վերաբերում էր հայցի ապահովման միջոցը վերացնելուն։
Հիշեցնենք, Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից հեռացվելուց հետո Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը դիմել էր դատարան՝ իր աշխատանքային իրավունքները պաշտպանելու հայցով։ Դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ նրան ժամանակավորապես վերականգնելով իր պաշտոնին։
Գործով պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ դատավոր Էդգար Հովհաննիսյանը Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հայցադիմումը վարույթ է ընդունել ընդհանուր կարգով, չնայած որ աշխատանքային վեճի դեպքում, հայցը վարույթ է ընդունվում հատուկ հայցային վարույթի կանոններով: Չնայած դրան, դատավորը Մայր Աթոռից պահանջել է պատասխան եւ փաստաթղթեր ներկայացնել աշխատանքային վեճի համար նախատեսված հատուկ հայցային վարույթի կանոններով․ «Այստեղ դատավորը փորձել է հայցվորից ավելի հայցվոր գտնվել եւ առավելագույնս պաշտպանել հայցվորի շահերը»:
Արա Զոհրաբյանը 30 րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո դատարանին ներկայացրեց փոստային անդորրագիրը, Հայփոստի պաշտոնական կայքից այդ անդորրագրի նույնականացման համարով տեղեկատվությունը, որից ակնհայտ է դառնում, որ փետրվարի 4-ին Արման Սարոյանը փաթեթը ստացել է։
«Սա նշանակում է, որ դատարանին ոչ ճիշտ տեղեկատվություն է ներկայացվել, եթե այլ՝ կոպիտ բառերով չբնութագրեմ»,- նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Արման Սարոյանն իր գործողություններով խոչընդոտում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը. «Կոնկրետ մեծ դժվարություններ են առաջացել Մասյացոտնի թեմում, դժվարություններ կան բանկային համակարգում։ Հարկադիր կատարողը բացահայտ օրենքի խախտումներ է թույլ տալիս, իրեն վերագրել է լիազորություններ, որը չունի։ Հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը և լիազորել է Արման Սարոյանին, որպեսզի բանկում նա գործարքներ կատարի։ Նման ապօրինության հետ ինքս չեմ բախվել»։
Մայր Աթոռի շահերի ներկայացուցիչը վստահ է՝ գալու է ժամանակ եւ բոլորը՝ թե դատավորը, թե ԴԱՀԿ ներկայացուցիչը եւ այդ գործով այլ անձինք, կանգնելու են դատարանի առջեւ, նման բացահայտ անօրինական մոտեցումների համար։
Արա Զոհրաբյանի դիտարկմամբ, եթե անգամ միջնորդությանը Արման Սարոյանը ծանոթ չէր, երկու օրը բավարար էր, որպեսզի նա ծանոթանար միջնորդությանը եւ դիրքորոշում ձեւավորեր։
Արա Զոհրաբյանը նաեւ նկատեց՝ դատարանը սահմանափակված է իմպերատիվ 15-օրյա ժամկետով, ուստի պնդեց, որ նիստը անցկացվի առանց Արման Սարոյանի մասնակցության։ Միջնորդության քննարկման 15-օրյա ժամկետը լրանում է փետրվարի 9-ին, երկուշաբթի օրը։ Դատավորը հաշվարկեց, որ հունվարի 27, 28-ը ոչ աշխատանքային օրեր են եղել, ուստի ժամկետը լրանում է փետրվարի 11-ին։ Հետեւաբար, նիստը հետաձգեց մեկ աշխատանքային օրով, որպեսզի կողմը հնարավորություն ունենա միջնորդությանը ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու։
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նախկին Գևորգ եպիսկոպոսը (Արման Սարոյանը) կարգալույծ է հռչակված և հանդիսանում է աշխարհիկ անձ։ Համաձայն Հայ Եկեղեցու կանոնների և նվիրապետական կարգի՝ որևէ աշխարհիկ անձ չի կարող ստանձնել թեմի առաջնորդի լիազորություններ։ Պետական մարմինները, ի դեմս դատարանների և Հարկադիր կատարման ծառայության, շրջանցելով Սահմանադրությունը և միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները, փաստացի փորձում են աշխարհիկ անձին «նշանակել» թեմի առաջնորդ՝ չունենալով նրա հոգևորականի կոչումը վերականգնելու որևէ իրավասություն կամ իրավական հնարավորություն։ Սա միջամտություն է Եկեղեցու ներքին ինքնավարությանը, ինչը ոտնահարում է Սահմանադրությամբ, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված Եկեղեցի-Պետություն հարաբերությունների սկզբունքները։
Մասյացոտնի թեմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր տարածքն է։ Թեմի առաջնորդը նշանակվում է բացառապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, իսկ ֆինանսական միջոցները, գույքը պատկանում են Սուրբ Էջմիածնին։ Ուստի, դատարանի ցանկացած որոշում, որը փորձում է տնօրինել Եկեղեցու գույքն ու միջոցները՝ շրջանցելով եկեղեցական իշխանությանը, ուղղակի սպառնալիք է Եկեղեցու սեփականության իրավունքին, ինչի արդյունքում Եկեղեցին զրկվում է հավատացյալներին հավուր պատշաճի հոգևոր սպասարկում մատուցելու հնարավորությունից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: