Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա բնակիչը մեթադոն տեսակի թմրամիջոց է իրացնում, նաև պահում է մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը և երկու համաքաղաքացիները հայտնաբերվել, ձերբակալվել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են մարզային վարչություն: Ձերբակալման ժամանակ ուղևորներից 42-ամյա տղամարդը մեքենայի մեջ մեթադոնային լուծույթով ներարկիչ է գցել:

Բացատրական աշխատանքի արդյունքում 43-ամյա տղամարդը հայտնել է, որ «Օպել» մակնիշի մեքենայում մարիխուանա և մեթադոն տեսակի թմրամիջոցներ կան:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, մեթադոն թմրամիջոցի նմանվող հեղուկով տարաներ և նույն հեղուկով ներարկիչ, գաղտնի փականով երկու դանակ և այլ առարկաներ:

Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել նաև հունվարի 26-ին: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք Վանաձորի Հալաբյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթադոնի լուծույթով ներարկիչ և հոգեմետ դեղերի գրառումներով սրվակներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեթադոնը նրան իրացրել էր 48-ամյա համաքաղաքացին, որը նույնպես հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն և հայտնել, որ 33-ամյա երիտասարդին ինքն է թմրամիջոց իրացրել:

Նախաձեռնվել են քրեական վարույթներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Leave a comment