ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացնում է, որ ՀՀ պետական կրթական գերատեսչությունը պաշտոնապես գովազդում եւ տարածում է թուրքական պետական կրթական ծրագրերը։
Նախկին նախարարը այսօր հայտնաբերել է, որ ՀՀ ԿԳՄՍ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կայքում հունվարի 30-ին տեղադրված է մի հայտարարություն, որը կոչվում է՝ «ուսման հրավեր»։ Ուսման հրավերն այն մասին է, որ Թուրքիայի հանրապետություն ԱԳՆ-ն ՀՀ կառավարությանը պաշտոնապես տեղեկացրել է՝ հունվարի 10-ից մեկնարկել է եւ մինչեւ փետրվարի 20-ը կտեւի միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի եւ ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունման գործընթացը։ Ծրագրին կարող են դիմել նաեւ ՀՀ քաղաքացիները՝ առցանց տարբերակով՝ թուրքական կառավարական կայքի հասցեով, որը նշված է հայտարարության մեջ։
«Սա զավեշտ էլ չի, սա խայտառակություն է․ թուրքական կառավարության ուսումնական ծրագրերի համար ՀՀ կառավարությունը երբեք գործընկեր չի եղել, չի տարածել թուրքական պետական ուսումնական ծրագրերի մասին տեղեկատվություն՝ իր պետական համակարգերով եւ այդպիսով չի խրախուսել ՀՀ քաղաքացիների մասնակցությունը թուրքական պետական կրթական ծրագրերին»,- ասում է Արմեն Աշոտյանը։
Ըստ բանախոսի, վերջին տարիներին գործ ունեինք պետական համակարգի թրքացման հետ՝ ՀՀ գործող իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում, հիմա ունենք «ճչացող, զռռացող մի երեւույթ», երբ ՀՀ պետական կրթական գերատեսչությունը պաշտոնապես գովազդում եւ տարածում է թուրքական պետական կրթական ծրագրերը։
Նա նաեւ նկատում է՝ այս ընթացքում հայ ուսանողներ ուսանել են Թուրքիայում՝ դրա վառ ապացույցը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, բայց դա եղել է ոչ պետական ծրագրերի շրջանակում։ Իր գնահատմամբ, թուրքական պետական ծրագրերով ուսուցանումը մեծացնում է թուրքական ազդեցության գործակալ դառնալու հավանականությունը։
Ըստ Արմեն Աշոտյանի, սա թեեւ փոքր դիպված է, բայց ցույց է տալիս, թե Հայաստանի թրքացման գործընթացի ճարտարապետներն ինչ խորքային են մոտենում հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: