Հայաստանում նախատեսվում է ներդրվել դիակային դոնորությունը․ նախարար

Մասնագիտական թիմերի պատրաստվածության և սարքերի հագեցվածության առումով երկիրն արդեն իսկ ապահովված է, ասել է նախարարը


ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նախատեսվում է ներդրվել դիակային դոնորությունը, հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեր նպատակն է, որ ՀՀ-ում, ի վերջո, իրակակություն դառնա դիակային դոնորությունը։ Սա շատ մարդկանց համար կյանքի փրկության, տեսողության վերականգնման և կյանքի որակը վերագտնելու միակ հույսն է», – ասաց Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

Նրա խոսքով` մասնագիտական թիմերի պատրաստվածության և սարքերի հագեցվածության առումով երկիրն արդեն իսկ ապահովված է։

Նախարարն ընդգծեց, որ այսօր առկա է այս մշակույթի տարածման և քաղաքացիների շրջանում հարազատի կողմից թույլտվություն ստանալու խնդիրը։

«Պիտի շարունակենք նաև իրազեկման աշխատանքները, որ մեր երկրում նման ծառայությունները ևս հասանելի լինեն, և մեր քաղաքացիները ստիպված չլինեն գնալ այլ երկրներ, որպեսզի, օրինակ, ունենան երիկամի կամ եղջերաթաղանթի փոխպատվաստման հնարավորություն», – նշեց Ավանեսյանը։


Նախարարը հիշեցրեց, որ գործող օրենսդրությամբ մարդը համարվում է դոնոր, եթե իր ամբուլատոր քարտում հրաժարվելու մասին գրառում չի կատարել, սակայն Սահմանադրական դատարանի որոշմամբ նախկինում օրենքում փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ նույնիսկ եթե անձը կյանքի ընթացքում նման հրաժարում չի գրանցել, նրա մահից հետո անհրաժեշտ է հարազատի համաձայնությունը։


 


 

Leave a comment