Դեսպան Մկրտչյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի մարզերի միջև համագործակցության խորացումը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետ Խրիստոդուլոս Տոպսիդիսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության, տնտեսական կապերի ընդլայնման և փոխկապակցվածության զարգացման հարցեր։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի մարզերի միջև համագործակցության խորացումը՝ մասնավորապես ընդգծելով Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և «ԹՐԻՓՓ» նախագիծը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և նոր տնտեսական հնարավորությունների ձևավորման հեռանկարներին։ Քննարկվել են նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ արտահանման և այդ գործընթացում հունական ենթակառուցվածքների հնարավոր դերակատարության հարցերը։

Մարզպետ Տոպսիդիսը պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ՝ ընդգծելով ԵՄ կողմից ֆինանսավորվող միջտարածաշրջանային ծրագրերին համատեղ մասնակցության լայն հնարավորությունները։ Նա ներկայացրել է նաև մարզի ռազմավարական նշանակությունը, այդ թվում՝ Ալեքսանդրուպոլիի նավահանգստի և օդանավակայանի դերակատարությունը տարածաշրջանային փոխադրումների և լոգիստիկայի ոլորտում։
Զրուցակիցները կարևորել են նաև հայ համայնքի պատմական ներկայությունն ու ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում և պայմանավորվել շարունակել համագործակցության հնարավորությունների շուրջ աշխատանքը։

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment