Փաշինյանը սխալվում է՝ կարծելով, որ Մոսկվայի ճնշումը կարող է դադարել

Ներկայացնում ենք ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Նիկոլայ Սիլաեւի Период охлаждения հոդվածի թարգմանությունը (որոշ կրճատումներով):
Նիկոլայ Սիլաեւ 
Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը դժվար է փայլուն անվանել, սակայն դա հաղթանակ է։ Փաշինյանի համար դա նշանակում է եւս մի քանի տարի իշխանության ղեկին՝ նախկինի համեմատ շատ ավելի բարդ պայմաններում։ Հայաստանի համար՝ հնարավորություն հետաձգելու բարդ որոշումները, որոնց ընդունմանը նա դեռ պատրաստ չէ։ Ռուսաստանի համար՝ մերձավոր հարեւանների հետ հարաբերությունների հերթական վերագնահատում։
Այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է եւս մեկ անգամ երախտագիտությամբ հիշատակի երկրի ղեկավարի պաշտոնում իր նախորդին՝ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Հենց Սարգսյանը, որը 2018 թվականի ապրիլին փորձեց նստել վարչապետի աթոռին՝ հակառակ իր իսկ տված բազմաթիվ խոստումներին, հրահրեց բողոքի այն ալիքը, որն ասպարեզ բերեց Փաշինյանին եւ նրան առաջնորդեց դեպի իշխանություն։ Հենց Սարգսյանը, նախագահական հանրապետության փոխարեն կերտելով խորհրդարանականի մոդելը, նախատեսեց խորհրդարանական մանդատների բաշխման այնպիսի մեխանիզմ, որով ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը առավելություն է ստանում ։
Սակայն այս հաղթանակը տհաճ համ ունի։ Քվեների 49,81 տոկոսը հավաքելու համար Հայաստանի իշխանությունները ստիպված եղան սկզբում ՔԿՀ-ում, իսկ հետո տնային կալանքի տակ պահել ամենաուժեղ, ինչպես դա ցույց տվեցին ընտրությունները, ընդդիմադիր կուսակցության առաջնորդին, եվրոպացիների օգնությամբ վերահսկողություն սահմանել սոցիալական մեդիայի նկատմամբ եւ արտաքին աջակցություն փնտրել ամենատարբեր երկրներից՝ Ադրբեջանից ու Թուրքիայից մինչեւ ԱՄՆ ու Ուկրաինա։
Ընտրությունները փշրեցին այն առանցքային փաստարկը, որի վրա նախկինում հիմնվում էր իշխող կուսակցության ընտրական գերիշխանությունը՝ «Կա՛մ Փաշինյանը, կա՛մ նախկինները»։ Եթե երկրորդ տեղը զբաղեցնում է մի կուսակցություն, որն ընտրություններից ընդամենը կես տարի առաջ ստեղծվել է նախկինում քաղաքական փորձ չունեցող գործարարի կողմից (խոսքը «Ուժեղ Հայաստանի» եւ Սամվել Կարապետյանի մասին է), նշանակում է՝ քաղաքականության մեջ նոր դեմքերի հանրային պահանջը չափազանց բարձր է։
«Նախկիններն» էլ այնքան անցանկալի չգտնվեցին. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը վստահորեն անցավ խորհրդարան։
Հաղթանակը թունավորում է նաեւ սահմանադրական մեծամասնության բացակայությունը։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն առայժմ չի կարողանա փոխել Սահմանադրությունը, ինչպես պահանջում է Ադրբեջանը, որը հրաժարվում է խաղաղության պայմանագիր ստորագրել, քանի դեռ Հայաստանի Մայր օրենքում հիշատակում կա Ղարաբաղի մասին։ Ըստ երեւույթին, Երեւանի եւ Բաքվի միջեւ հաշտեցման մեջ ժամանակավոր դադար կլինի։ Եթե, իհարկե, Փաշինյանին չհաջողվի համոզել ընդդիմադիր պատգամավորներին՝ համաձայնել խաղաղության իր տարբերակին, կամ, ինչն ավելի քիչ հավանական է, Ադրբեջանը հրաժարվի իր պահանջից։
Բարդ կլինի նաեւ TRIPP-ի հարցում։ Այս նախագիծն ուղղակիորեն կապված չէ խաղաղության պայմանագրի հետ, սակայն առանց դրա իրագործումը քաղաքականապես շատ ավելի դժվար կլինի։
Բաքուն հիասթափված կլինի։ Փոխարենը՝ Հայաստանը կստանա յուրատեսակ «սառեցման շրջան»՝ հնարավորություն եւս մեկ անգամ կշռադատելու՝ արդյո՞ք հարեւանին արված եւ ընտրողների մեկ երրորդի համար անընդունելի զիջումներն իսկապես անհրաժեշտ ու արդարացված են։ Մյուս կողմից էլ՝ Բաքվի համար այնքան էլ հարմար չի լինի ճնշում գործադրել Փաշինյանի վրա, ում Ադրբեջանում հռչակել էին խաղաղության միակ հույսը։
Նիկոլ Փաշինյանը հպարտ մարդ է եւ հակված չէ փոխզիջումների։ Նա դժվար փոխի իր վերաբերմունքն ու գործելաոճը ցանկացած տեսակի ընդդիմության՝ թե՛ աշխարհիկ, եւ թե՛ հոգեւոր։ Կարելի է ակնկալել, որ նրա առաջին բնազդը կլինի ջախջախել իր հաղթանակը փչացրած թշնամուն։ Սակայն դա անելն այժմ համեմատաբար ավելի բարդ կլինի, քան ընտրություններից առաջ։ Բանն այն է, որ Փաշինյանի նոր կառավարությունը գործելու է տնտեսական ավելի քիչ նպաստավոր պայմաններում։
«Քաղաքացիական պայմանագրի» ձայները չի կարելի վերագրել սոսկ պետական քարոզչությանն ու վարչական ռեսուրսին։ Վերջին տարիներին Հայաստանը տնտեսական զգալի հաջողությունների է հասել։ Բացի ՀՆԱ-ի աճից, դա նաեւ առեւտրային հաշվեկշռի բացասական սալդոյի (հայկական տնտեսության քրոնիկ հիվանդության) կրճատումն է, գործազրկության նվազումը եւ երկրից դուրս մշտական արտագնա աշխատանքի մեկնողների մասնաբաժնի անկումը։ 
Բացասական ժողովրդագրական միտումները դեռեւս չեն հաղթահարվել, բայց տեղաշարժն ակնհայտ է։ Այս ամենի մեծ մասը, առաջին հերթին՝ գործարարության վրա կոռուպցիոն ճնշումների կրճատումը, Փաշինյանի ձեռքբերումն է։ Սակայն փոփոխություններն այդքան նկատելի չէին լինի առանց Եվրասիական տնտեսական միության ու ռուսական շուկայի։
Հակասությունն այն է, որ վարչապետը, որն արդեն մեկ տարի չէ, որ իր քարոզչամեքենայի շուրթերով համաքաղաքացիներին պատմում է, թե ինչպես է Ռուսաստանը գործում Հայաստանի շահերի դեմ, եւ նրանց խոստանում ապագայում  Եվրամիությանն անդամակցել, իր վարկանիշը քաղում է այն տնտեսական առավելություններից, որոնք ապահովել է Ռուսաստանը։
Այստեղ տեղին է հիշել առակը ջրհորի մասին, որի մեջ թքում են։ Եվ Ռուսաստանը հիշեց։ Վերջին ամիսներին ու շաբաթներին Հայաստանի նկատմամբ հայտարարված սահմանափակող տնտեսական միջոցների վերաբերյալ դիտորդները վիճում են ու դեռ կվիճեն։ Կա վարկած, որն, անշուշտ, ստուգման կարիք ունի, թե տնտեսական ճնշումը ստիպեց Հայաստանի քաղաքացիներին համախմբվել դրոշի շուրջ եւ մի քանի տոկոս ավելացնել Փաշինյանին։ Կա փաստարկ, որ Հայաստանին զրկելով ռուսական շուկայից՝ Ռուսաստանը նրան չի համոզի փոխել արտաքին քաղաքական կուրսը, այլ, ընդհակառակը, կավելացմի դեպի Եվրոպական միություն շարժի արագությունը։ Կասկածներ կան այն մասին, որ անցյալում հարեւանների դեմ տնտեսական սահմանափակումների կիրառումը՝ Վրաստանից ու Մոլդովայից գինու արտահանման արգելքը, Ուկրաինայի գազի անջատումը, զգալի քաղաքական էֆեկտ են տվել։ Տպավորություն կա, որ անցնելով տնտեսական լծակին՝ Ռուսաստանը ընդունում է, որ ավելի նուրբ լծակներ չունի։ Ի վերջո, կան հիմնավոր կասկածներ, որ սահմանափակումներն ավելի շատ կվնասեն շարքային ֆերմերներին, քան քաղաքական էլիտային։
Չվիճարկելով այս փաստարկները (ժամանակը կհաստատի կամ կհերքի դրանք)՝ երկու նկատառում հայտնենք։ Մեկը վերաբերում է անմիջապես ընտրություններից հետո Հայաստանի ներքին քաղաքականությանը, մյուսը՝ Ռուսաստանի եւ իր հարեւանների ու բարեկամների հարաբերությունների ավելի լայն հարցին։
Եթե խոսենք Հայաստանի ներքին գործերի մասին, ապա Փաշինյանն ակնհայտորեն չի պատրաստվում փոխել կուրսը։ Նա կրկնում է նախկին բանաձեւը. «մենք կօգտվենք Եվրասիական տնտեսական միությունից մինչեւ այն պահը, երբ մեզ կկանչեն Եվրոպական միություն»։ Եվ խոստանում է ընտրություններից հետո հարթել բոլոր տարաձայնությունները Ռուսաստանի հետ։ Ի դեպ, վերջինից հետեւում է, որ տեղի ունեցող ամեն ինչ նա համարում է ընդամենը նախընտրական պայքարի մաս եւ ակնկալում է, որ քանի որ Հայաստանում իշխանության հարցը լուծված է, ապա Ռուսաստանն էլ իր կողմից սահմանված սահմանափակումները պահպանելու պատճառ չի ունենա։
Այս հարցում նա, թերեւս, սխալվում է։ Մոսկվայի տեսանկյունից՝ խնդիրը դուրս է գալիս պատմականորեն բարեկամական երկրի էքսցենտրիկ վարչապետի հետ հարաբերությունների շրջանակից։ Եթե այդպես է, ապա Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ նա չի շեղվելու նախկին կուրսից, հիմք կհանդիսանան ոչ միայն պահպանելու արդեն մտցված սահմանափակումները, այլեւ աստիճանաբար նորերը ներդնելու համար։ Նշանակում է՝ Հայաստանի կառավարությունը ստիպված է լինելու ամրապնդել իշխանությունը տնտեսական անկման, այլ ոչ թե աճի պայմաններում։ Դա կհարվածի իշխող կուսակցության վարկանիշին եւ կբարդացնի ընդդիմությանը ճնշելու գործընթացը։
Ռուսաստանի տեսանկյունից, ինչպես թվում է, խնդիրը ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտորությունն է, որն այդպիսին էր մինչեւ Փաշինյանը եւ կմնա նրանից հետո էլ, այլ բազմավեկտորությունը՝ ի հաշիվ Ռուսաստանի։
Հայաստանում անբավարար են համարում այն օգնությունը, որն իրեն ցուցաբերել է Ռուսաստանը Ադրբեջանի հետ հակամարտության պահին։ Նրանք կարող են այս հարցում իրավացի լինել, կարող են սխալվել, սակայն ցանկացած դեպքում պաշտոնական Երեւանի առաջին քայլը եղավ Ռուսաստանին նվաստացնելն ու մի կողմ հրելը եւ միայն դրանից հետո՝ այլ դաշնակիցներ փնտրելը։ Այդպես եղավ ՀԱՊԿ ռազմական դիտորդների առաքելության հետ Ջերմուկի մոտ ադրբեջանական բանակի հետ մարտերից հետո, որը համաձայնեցված էր արտաքին գործերի նախարարների մակարդակով, բայց անսպասելւ մերժվեց Փաշինյանի կողմից։ Այդպես եղավ Լեռնային Ղարաբաղն իր ողջ բնակչությամբ Ադրբեջանին հանձնելու մասին Ռուսաստանի թիկունքում ընդունված որոշման դեպքում։
Նույնը տեղի է ունենում նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ։ «Մենք կմնանք ձեզ հետ, մինչեւ մեզ ավելի լավ մեկը կկանչի» դիրքորոշումը դժվար է վիրավորական չհամարել։ Ընդ որում՝ վիրավորական ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԵԱՏՄ բոլոր գործընկերների հանդեպ։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment