Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներն այսօր Ստամբուլում եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել են Միջին միջանցքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս մասին հայտնել է հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում նշվել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ։

«Մեծ գոհունակությամբ նշվել է Թուրքիայում իրականացվող Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի շինարարությունը»,- հավելել նա։

Հարկ է նկատել, սակայն, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան նաև որոշ թուրք  շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Իր հերթին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում դրական դինամիկան։ Նա նշել է, որ Թբիլիսին աջակցում է տարածաշրջանում խաղաղության արագ պաշտոնական հաստատմանը։

«Սա չափազանց կարևոր ներդրում կլինի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում և կնպաստի տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը»,- ընդգծել է Բոճորիշվիլին։

Նա նաև նշել է, որ երեք երկրներն ունեն մեծ ներուժ համատեղ նախագծեր իրականացնելու համար։ Մասնավորապես, նա նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, որը, նրա խոսքով, կնպաստի առևտրի աճին և տնտեսական հետագա զարգացմանը։

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ներուժի լիարժեք օգտագործումը կարևոր ներդրում կունենա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Բոճորիշվիլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment