Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով:
Կառավարությունից հայտնում են, որ Մակրոնի հեռագրում ասված է.
«Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան, օրենսդիր մարմնի ընտրություններում այս համոզիչ հաղթանակի առիթով։ Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու և Եվրոպայի հետ մերձեցման խթանման համար»։
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագրեր են հղել նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը: