Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականի անդամ Դավիթ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայում անցկացված Եվրոպայի Մ16 տարեկանների առաջնությունում․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականի անդամ Դավիթ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Եվրոպայի Մ16 տարեկանների առաջնությունում:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Խաչատրյանը հանդես է եկել 10մ օդամղիչ հրացան մրցաձևում և հաղթողի կոչմանն արժանացել է 414,7 միավորով: Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցել է նաև Եվրոպայի ռեկորդը։
Մ16 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արտակ Սիմոնյանը զբաղեցրել է 13-րդ տեղը: Մ18 տարեկանների պայքարում Հայկ Սարգսյանը գրավել է 9-րդ, իսկ Արմեն Գևորգյանը՝ 25-րդ հորիզոնականը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել հավաքականի ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի և մարզիչ Նորա Նիկողոսյանի գլխավորությամբ։