Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի մայիս ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։
Մայիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 38․1 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 53 գործարք՝ ավելի քան 8․3 մլրդ ՀՀ դրամ ծավալով։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 41% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 11․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1500 գործարք՝ մայիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 209 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 2․1 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 478․8 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 960%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 27․4%։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 19.8 մլրդ ՀՀ դրամ: Մայիս ամսին կնքվել է 182 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 221%-ով։
Մայիսին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 11 գործարք՝ ավելի քան 1․4 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձևավորվել է 368-ից 368․60 դրամի միջակայքում։
Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում: