ՀՀ վարչապետ, ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև այդ պահին չկային անգամ ընտրության նախնական արդյունքները։
Փաշինյանի խոսքով` իր ուժի ձայները բավարար են միանձնյա կառավարություն ձևավորելու համար։
«Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10%-ն էլ ամփոփած չէ: Ավելին` Երևանի ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքները չկան մինչև հիմա: Բոլոր թարմացումներն անկանոն են փոխվում, անհասկանալի է` ինչ հաճախականությամբ: Ավելին, թվերը պարբերաբար նվազում ու ավելանում են»,– շեշտել է Թաթոյանը:
Քաղաքական գործիչը նաև նկատել է, որ Փաշինյանը կրկին սպառնացել է ընդդիմադիր խոշոր ուժերի առաջանորդներին և շեշտել, որ անգամ ՀՀ վարչապետ լինելը Փաշինյանին նման իրավունք չի տալիս և Փաշինյանի վարաքագիծն օրենքի կոպիտ խախտում է։
«Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է»,– շարունակել է Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք:
Sputnik Արմենիա