Կիպրոսի նախագահն ապրիլի վերջին հայտարարել էր, որ Ֆրանսիան կղզում զորք կտեղակայի մարդասիրական նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ֆրանսիան և Կիպրոսը վաղը` հունիսի 8-ին, փաստաթուղթ կստորագրեն, որի համաձայն` ֆրանսիական զորքը կղզում տեղակայվելու իրավունք կունենա։ Այս մասին հայտնում է «Politico»-ն՝ հղում անելով Կիպրոսի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների։
Ապրիլի վերջին Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը հայտարարել էր, որ Ֆրանսիան մարդասիրական նպատակով զորք կտեղակայի Կիպրոսում։
«Ֆրանսիան և Կիպրոսը երկուշաբթի կստորագրեն զորքերի կարգավիճակի մասին համաձայնագիր, որը թույլ կտա Փարիզին զորք տեղակայել կղզում», – գրում է «Politico»-ն։
Ըստ լրատվամիջոցի` փաստաթուղթը կստորագրեն Ֆրանսիայի և Կիպրոսի պաշտպանության նախարարներ Կատրին Վոտրենը և Վասիլիս Պալմասը։ Նույն օրը նրանք կմասնակցեն Արտաքին գործերի եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական նիստին: Փաստաթուղթը կսահմանի ֆրանսիական զորքի տեղակայման պայմանները և պաշտպանության ոլորտում գործակցելու մի շարք ասպեկտներ (այդ թվում` համատեղ զորավարժություններ)։