Մինչեւ հիմա աչքիս առաջ են ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների Առաջին համագումարի նիստերը (1989 թվականի մայիս-հունիս): Երբ ամբիոն էր բարձրանում Անդրեյ Սախարովը, կոմունիստական նոմենկլատուրային ագրեսիվ-հնազանդ մեծամասնությունը սկսում էր ոտերով դոփել, սուլել, բղավել, ամեն ինչ անել, որ նախկին (կամ գուցե՝ ոչ այնքան նախկին) դիսիդենտը չկարողանա խոսել: Հիշում եմ, թե ինչպես էի ամաչում այդ մեծամասնության ամբարտավան կեցվածքի համար: Բայց Սախարովը շարունակում էր խոսել՝ բացարձակապես չլինելով լավ հռետոր կամ, առավել եւս, ժողովրդական տրիբուն:
Կարելի՞ է արդյոք ասել, որ 68-ամյա իրավապաշտպանը չէր վախենում մեծամասնության ագրեսիայից: Հավանաբար, վախենում էր: Բայց նա իր սկզբունքները, իր առաքելությունն ավելի բարձր էր դասում, քան իր հարմարավետությունը:
20-րդ դարի ամերիկացի հոգեբան Սոլոմոն Աշը, ուսումնասիրելով կոնֆորմիզմի մեխանիզմները, փորձարկումներ էր անում՝ ուշադրություն հրավիրելով այդ երեւույթի հակառակ կողմի վրա: Մի կողմից փորձարկվող խմբերում կային մարդիկ, որոնք տեսնելով, որ «մածունը սեւ է» ասողները մեծամասնություն են կազմում, սկսում էին կասկածել՝ իսկ գուցե իսկապես սեւ է: Խմբի երկրորդ հատվածը, 100 տոկոսով վստահ լինելով մածունի սպիտակ լինելու վերաբերյալ, ձայն չէր հանում՝ անհարմար վիճակում չհայտնվելու վախից: Եվ վերջապես, փորձարկումների ժամանակ սովորաբար գտնվում էր գոնե մեկ մարդ, որը, անկախ ամեն ինչից, շարունակում էր պնդել այն, ինչ տեսնում էր իր աչքով:
Այդ համառ անձնավորությունը պատրաստ էր սոցիալական գին վճարել՝ միայնակ մնալու համար: Այդ գինը կարող է տարբեր լինել՝ ընդհուպ մինչեւ մերժված համարվելը եւ բուլինգի թիրախ դառնալը: Բայց Աշը նկատել էր, որ երբ փորձարկումները շարունակվում էին, այդ, լայն իմաստով, «դիսիդենտի» կողքին հայտնվում էր եւս մի քանի հոգի: Այսինքն՝ միշտ պետք է հայտնվի մի մարդ, որը ցույց է տալիս, որ սկզբունքորեն կարող է գոյություն ունենալ փոքրամասնություն:
Այդպիսի փոքրամասնություն լինելը պատիվ է. «Երանելի եք, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն։ Ուրախացե՛ք եւ ցնծացե՛ք» (Մատթեոս 5:11–12):
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: