«Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արման Թաթոյանը նախընտրական բանավեճի ընթացքում պնդում է արել, որ «Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցությունը ամենահսկա գումարներն է ծախսում այս քարոզարշավի վրա»։
Factor TV-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների հիման վրա ստուգել է, թե որքանով է Թաթոյանի հայտարարությունը համընկնում հրապարակված փաստերին։
Նախընտրական արշավին մասնաակցող կուսակցություններն ու դաշինքները պարտավոր են պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ԿԸՀ նախընտրական հիմնադրամներ մուտքերի և դրանցից քարոզչության համար կատարված ծախսերի վերաբերյալ։ Վերջին անգամ հաշվետվություններ ներկայացվել են մայիսի 3-ից մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ։
Factor TV-ն պարզել է, որ դեպի նախընտրական հիմնադրամ ամենախոշոր ֆինանսական մուտքերը ունեցել է և հիմնադրամից ամենամեծ ծախսերը կատարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 530․5 մլն դրամ մուտքեր և 505․4 մլն դրամ ծախսեր։
Նկատենք, որ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցությունը մայիսի 27-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ մուտք է արել 14․2 մլն դրամ և քարոզչության համար ծախսել է 12․6 մլն դրամ։
Նախընտրական արշավի մասնակիցները հաջորդ հաշվետվությունը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչև հունիսի 11-ը։
Հավելենք, որ որևէ կուսակցության կամ դաշինքի ծախսերի չափը դեռևս չի գերազանցել օրենքով սահմանված նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը՝ 800 մլն դրամը։
Գայանե Խաչատրյան