«Պարզվում է՝ օդանավակայանում ռազմական ոստիկանները Հայաստան ժամանած տղամարդկանց ինչ-որ ծանուցագրեր են տալիս 25-օրյա հավաքների վերաբերյալ, և կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Հայաստան եկողներին պետք է տանենք վարժական հավաքների, իբր գալիս են ընտրելու: Սա նշանակում է, որ մարդկանց, որոնք իրենց ընտրելու իրավունքից օգտվելու իրավունք ունեն, զրկում են… Կարող է տուրիստ են, մեկ է՝ որքան ինքնաթիռ գալիս է, նույնքան ինքնաթիռ էլ գնում է»,- տարակուսանք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Ի՞նչ եք ուզում ասել սրանով, ուզում եք ասել՝ բանակը մարդկանց պատժելու տե՞ղ է… Սրանով ամբողջ զորահանդեսի PR-ը ջուրն եք լցնում, սա մեկ: Երկրորդ, ուզում եք ասել, որ մարդիկ ՀՀ քաղաքացի են, գան Լոսից, գան Մոսկվայից, գան Փարիզից, գան Սիդնեյից, չպե՞տք է գնան ընտրության: Բա ասում էիք՝ թող գան, մեկ է՝ մեզ են ընտրելու, բա կարող է ձեզ են ընտրում, պատժո՞ւմ եք մարդկանց զորահավաքով, հա՞… Սա ինչի մասին է:
Քանի որ վարչապետը վարչապետի թեկնածու է, քանի որ այս պահին արձակուրդի մեջ է, և քանի որ Պաշտպանության նախարարն է արձակուրդի մեջ, ես դիմում եմ Գլխավոր շտաբի պետին՝ որպես բանակի այս պահին հրամանատար: Այդ ռազմական ոստիկանությանը արագ հավաքեք օդանավակայանից և «կռուտիտներ» մի արեք, թե մենք միշտ էլ հետախուզվող ենք փնտրում… Ամոթ է, մի խաբեք մարդկանց, բանակը մի՛ վարկաբեկեք… Մի արեք նման բաներ:
ՀՀ քաղաքացուն եք ուղիղ հարվածում, պարզ չի՝ այդ մարդիկ եկել են ընտրությա՞ն, պարզ չի, թե ում են ընտրելու, և բանակը ձեր համար բանտ չի, որ ձեր կարծիքով մարդկանց պատժելու համար ծանուցագիր տաք… Արագ, ստուգելու եմ, մի ժամ ժամանակ»,- ասաց Մարուքյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ Էդմոն Մարուքյանը հաղորդեց. «Հայաստան ժամանող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող ահաբեկչական ակտը, որը նաև հարվածում էր բանակի հեղինակությանը, կանգնեցվեց։
Իմ հայտարարությունից հետո, րոպեներ առաջ, Ռազմական ոստիկանության մեքենաները հեռացան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից»։
Ծաղրանկարը՝ MediaLab- Newsroom Laboratory
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: