Աբու Դաբիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
Վերջինս ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ։ ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ դրա համար առկա է մեծ ներուժը և այն իրացնելու անհրաժեշտ կամքը։
Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։ Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը։
ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄԷ ավարտվել է։ Վարչապետին և տիկին Աննա Հակոբյանին Աբու Դաբիի օդանավակայանից ճանապարհել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը։
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: