Քաղաքական պատվերի արդյունք. իրավապաշտպանը՝ Արցախի ղեկավարների «վճիռների» մասին

«Սա քաղաքական պատվերի արդյունք է, և ադրբեջանական դատարանները հանդես են եկել որպես քաղաքական որոշումները վավերացնողներ»,- ասում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «վճիռները»։
Փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Այլ գերիներից Մադաթ Բաբայանին, Մելիքսեթ Փաշայանին դատապարտեց 19,  Դավիթ Ալավերդյանին՝  16 տարվա ազատազրկման։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ակնառու էր, որ լինելու են մեղադրական դատավճիռներ, նաև ցմահ ազատազրկման պատժաչափերի տեսքով։
«Մենք գործ ունենք ազգերի ինքնորոշման իրավաչափ իրականացման համար անձանց անձնական վրեժխնդրության գործողությունների հետ, որոնք քաղաքական պատվերի արդյունք են և ադրբեջանական դատարանները ոչ թե հանդես են եկել որպես արբիտրներ արդարադատություն իրականացնելու նպատակով, այլ նոտարներ, որպեսզի վավերացնեն քաղաքական որոշումները, և ընդամենը այդ նախագահի որոշումները բարձրացրել են դատական ակտի մակարդակ»,- նշում է Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության և նաև ընտանիքների խնդիրն է միջազգային ատյանների ներգրավվածությամբ ամբողջովին չեզոքացնել, ոչնչացնել այս ապօրինի դատավարությունները իրենց արդյունքներով։

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով՝ սա մեր ու հատկապես Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության ձախողման արձանագրումն է, որ որևէ բան չարեցին ոչ միայն նրանց ազատ արձակման համար, այլ նաև նրանց իրավունքների ընթացակարգային իրավունքների պաշտպանության համար։

«Գոնե միջազգային դիտորդներ, դիվանագետներ ներկա գտնվեին, որոնք ճիշտ է շատ ընթացակարգային առումով ավելի կժխտեին ադրբեջանական իշխանությունների ոտնձգությունները, իրավախախտումները, բայց հերիք չէ այդքանը տեղի չի ունեցել, այլ նաև նրանք հիմա ամբողջապես մեկուսացված են, Կարմիր Խաչին են վռնդել Ադրբեջանից, ես վստահ եմ, որ մեր հայրենակիցները խոշտանգումների են ենթարկվել ու ենթարկվում են»,- ասում է Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ սա նաև հնարավորություն է  բացել հետագա քաղաքական հանգուցալուծման համար։

«Միշտ հայ գերիները վերադարձվել են Հայաստան, նույնիսկ շատ արագացված մի քանի օրյա դատական գործընթացի և չակերտավոր դատավճռի կայացումից հետո ձևական կողմը պահելու համար, որ, տեսեք, իրենք հանցագործներ են, դատապարտվում են Ադրբեջանում, հետո վերադարձնում են։ Հետևաբար այս տեսանկյունից, երբ արդեն դատավճռները առկա են, քաղաքական հանգուցալուծման պատուհանը ավելի լայն է բացվում»,- ասում է Բեգլարյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունները շատ արագ պետք է առիթից օգտվեն, մանավանդ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցին ընդառաջ, որպեսզի մեկընդմիշտ այս հարցը լուծվի, և բոլոր 19 պատանդները ազատ արձակվեն հենց Վենսի միջնորդությամբ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կայցելի փետրվարի 6-ից հետո։ Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը 2024-ի դեկտեմբերի 16-ին հաստատվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:

Սիրանուշ Ադամյան

The post Քաղաքական պատվերի արդյունք. իրավապաշտպանը՝ Արցախի ղեկավարների «վճիռների» մասին appeared first on CIVILNET.

Leave a comment