Բաքվի ռազմական դատարանը փետրվարի 5-ին հրապարակել է Ադրբեջանում ապօրինի պահվող 8 հայերի դատավճիռները։ Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը դատապարտվել են 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Նրանք բոլորը քաղաքացիական անձիք են։
Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։
Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Ադրբեջանն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։
Քրեական գործով մեղադրական եզրակացությունը 2024-ի դեկտեմբերի 16-ին հաստատվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:
Կարդացեք նաև՝ Բաքվի դատարանն Արցախի առաջնորդների մի մասին ցմահ ազատազրկման դատապարտեց
Բաքվի դատարանը Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Քաղաքական պատվերի արդյունք. իրավապաշտպանը՝ Արցախի ղեկավարների «վճիռների» մասին
The post Բաքուն 15-19 տարվա ազատազրկման է դատապարտել քաղաքացիական 8 հայերի appeared first on CIVILNET.