ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը, որով անցնում են նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու գործարար Սևակ Գոմցյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը մեղադրվում է ճարտարապետի միջոցով Սևակ Գոմցյանի ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու մեջ։ Վարդան Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքը։
Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրողները մանրամասն ներկայացրեցին հետազոտման ենթակա ապացույցները՝ նշելով, որ դրանք բավարար են մեղադրական վերդիկտ կայացնելու համար։ Դատախազներից մեկն առաջարկեց սկզբում հետազոտել ապացույցները, հետո նոր լսել վկաներին։ Նա նաև նշեց այն վկաների անուն-ազգանունները, որոնց դատարանը պիտի հրավիրի դատարան՝ հարցաքննության։ Հարցաքննվելու են նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը և Սևակ Գոմցյանը, քաղաքապետարանի ու կադաստրի կոմիտեի պաշտոնյաներ։
Երկու մեղադրողներն էլ անդրադարձ կատարեցին գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի ցուցմունքին։ Նրանք նշեցին, որ նա իր խափանման միջոցը քննելու ժամանակ դատարանում ուշագրավ տեղեկություններ է հայտնել գործի վերաբերյալ։
Նաև նշեցին, որ Հենրիկ Գասպարյանը իր ցուցմունքում հաստատել է, որ նման խոսակցություն իրականացվել է նշված անձանց միջև և դրա հետ կապված որոշակի փաստական հանգամանքներ հայտնել, ինչը ինքնին վերաբերում է մեղադրյալին վերագրվող արարքի օբյեկտիվ կողմը։
Մեղադրողները նաև հայտնեցին, որ Սևակ Գոմցյանն ընդունել է կաշառք տալու մասին տեղեկությունը։ Ըստ մեղադրողների, նրա ցուցմունքը հաստատում է մեղադրյալի կաշառք ստանալու, ինչպես նաև փաստաթղթի կեղծիք կատարելու հանցանքի մասին գործողությունները։
Դատախազն անդրադարձավ բոլոր վկաների ցուցմունքներին՝ նշելով, որ դրանցից շատերը հաստատում են մեղադրյալի կաշառք ստանալու կասկածը։
Ցուցմունք է տվել նաև գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի դուստրը, որը նախագծային աշխատանքներ է կատարել Սևակ Գոմցյանի ինքնակամ շինությունում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: