Ներկայացնում ենք ռուսաստանցի քաղաքագետ, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի Жизнь после выборов: как Армения оказалась на геополитической развилке հոդվածի հայերեն թարգմանությունը:
Սերգեյ Մարկեդոնով
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կորոշվի ոչ միայն Ազգային ժողովի կազմը, այլեւ ուժերի դասավորությունը Հարավային Կովկասում։ Այդուհանդերձ, որքան էլ կարեւոր լինի աշխարհաքաղաքական չափումը, քարոզարշավի ընթացքն արտացոլում է նախեւառաջ հենց հայաստանյան հասարակության եւ նրա քաղաքական վերնախավի ներսում տեղի ունեցող հիմնարար փոփոխությունները։
Եվրասիայի կենտրոնական կետը
Հայաստանը մեծ կամ նույնիսկ միջին տերություն չէ։ Ավելին, մի շարք զգայուն ռազմաքաղաքական պարտություններից, Լեռնային Ղարաբաղի կորստից եւ դրա հայաթափումից հետո, Երեւանը Կովկասյան տարածաշրջանում ոչ ֆորմալ առաջնորդությունը զիջել է Բաքվին։
Եթե նախկինում Հայաստանն ու Ադրբեջանը էթնոքաղաքական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ էին վարում որպես հավասար դերակատարներ, այսօր ադրբեջանական կողմն է փաստացի սահմանում խաղի կանոններն ու թելադրում պայմանները։
Եվ այնուամենայնիվ, 2026 թվականի հունիսի սկզբին հենց Հայաստանն է դառնում Եվրասիայի գրեթե առանցքային կետը։ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կորոշվի ոչ միայն Ազգային ժողովի կազմը, այլեւ ուժերի կոնֆիգուրացիան Հարավային Կովկասում։ Քվեարկության ելքն ազդեցություն կունենա նաեւ ողջ հետխորհրդային տարածքի վրա, քանի որ Հայաստանում կփորձարկվի իր դաշնակիցներից մեկի հետ Ռուսաստանի ռազմավարական փոխգործակցության մոդելը։
Ինչո՞ւ են փոքր անդրկովկասյան հանրապետության ընտրությունները նման հսկայական հետաքրքրություն առաջացնում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Արդյո՞ք կարելի է պնդել, որ Հայաստանի «աշխարհաքաղաքական շրջադարձն» արդեն կայացած փաստ է, իսկ ընտրությունները միայն կամրապնդեն այդ իրողությունը, թե՞ իրավիճակը շատ ավելի բարդ է։
«Միացումից» դեպի «պայքար խաղաղության համար»
Որքան էլ կարեւոր լինի Հայաստանի ընտրությունների աշխարհաքաղաքական չափումը, այս քարոզարշավն արտացոլում է նախեւառաջ հենց հայաստանյան հասարակության եւ նրա քաղաքական վերնախավի ներսում տեղի ունեցող հիմնարար փոփոխությունները:
Ազգային ինքնորոշման եւ ԽՍՀՄ փլուզման գործընթացում գլխավոր ազգային գաղափարը «Միացումն» էր, որը միավորում էր կոմունիստներին ու հակակոմունիստներին, ավանդական արժեքների կողմնակիցներին ու արմատական փոփոխությունների ջատագովներին: Այս գաղափարի հաղթանակի համար վճարեցին արյամբ եւ տնտեսական ավերածություններով, մեկուսացմամբ ու զանգվածային արտագաղթով:1994 թվականին Ադրբեջանի դեմ պատերազմում տարած հաղթանակի հետ «նույն փաթեթում» ստացվեցին երկարատեւ չկարգավորված հակամարտությունը եւ առճակատումը ոչ միայն Բաքվի, այլեւ Անկարայի հետ, ինչպես նաեւ կախվածությունը արտաքին ուժերից: Որպես հետեւանք՝ ի հայտ եկավ բարդ հասարակական-քաղաքական ռեֆլեքսիա «հարցի գնի» վերաբերյալ:
Այն, ինչ 1980-ականների վերջին սուրբ էր, ժամանակի ընթացքում սկսեցին ընկալել որպես լուրջ բեռ: Դուր է գալիս մեզ, թե ոչ, բայց կարեւոր է հասկանալ. Նիկոլ Փաշինյանը Լուսնից չի ընկել, նա որպես քաղաքական գործիչ ձեւավորվել է Հայաստանի ճակատագրի եւ հեռանկարների մասին բանավեճերում ու քննարկումներում: Կոշտ քննադատական գնահատականներն, որոնք այսօր վարչապետն հեշտությամբ հնչեցնում է Լեռնային Ղարաբաղի եւ արցախահայության հասցեին, նախկինում ասվում էին կուլիսներում եւ կիսաձայն:
Հավանաբար, այս վեճերը դեռ երկար տարիներ կշարունակվեին, եթե չլինեյին երկու ռազմաքաղաքական աղետները եւ հայերի արտագաղթը չճանաչված ԼՂՀ-ից: Հասարակությունն ու իշխանությունը միավորող գլխավոր ազգային առասպելը կործանվեց: Եվ հայաստանյան իշխանությունները փորձեցին առաջացած դատարկությունը լցնել խաղաղության նոր գաղափարով։ Առաջին հայացքից նման ընտրության հետ դժվար է վիճել, քանզի քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Ու եթե ենթադրենք, որ հունիսի 7-ին Հայաստանի ընտրություններում հաղթանակ տանեն Փաշինյանի ընդդիմախոսները՝ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը կամ ընդդիմադիր կոալիցիան, ապա նրանց առաջնահերթ քայլը հաստատ «ղարաբաղյան Ռեկոնկիստան» չի լինելու։
Սակայն խաղաղության համար պայքարի գաղափարը՝ Հայաստանի գործող իշխանությունների մեկնաբանությամբ, մի շարք կարեւոր առանձնահատկություններ ունի։ Օրինակ՝ իրականում այն հաճախ ներկայանում է որպես միակողմանի զիջումների շղթա։ Սրան հավելենք նաեւ մի շարք ուղեկցող գործողություններ, որոնք առնվազն վիճելի են։ Խոսքը նախեւառաջ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին է։ Դիվանագիտական «կոմպլեմենտարիզմը» Փաշինյանի թիմի հայտնագործությունը չէ. այն նախկինում էլ էր գոյություն ունեցել։ Սակայն այսօր նոր բարեկամներ փնտրելը վերածվել է «իդեֆիքսի» եւ անհամատեղելին համատեղելու փորձերի։ Իսկապես, եթե դու փոքր երկիր ես եւ միաժամանակ հրավիրում ես Ռուսաստանին ու Իրանին, Հնդկաստանին ու Չինաստանին, ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, արդյունքում ստանում ես ոչ թե խնդիրների հարթեցում, այլ դրանց բազմապատկում։ Ավելին՝ հին, բայց մինչեւ վերջ չկարգավորված էթնոքաղաքական հակամարտությանը փոխարինելու են մեծ տերությունների վեճերը տարածաշրջանում ունեցած ազդեցության համար։
Հայաստանի իշխանությունները, խաղաղության համար պայքարը իրենց առանցքային գաղափարախոսությունը դարձնելով, լուրջ սխալ են թույլ տվել Ռուսաստանի հնարավորությունների եւ ռեսուրսների գնահատման հարցում՝ կարծելով, թե Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից հետո նրա համար Հարավային Կովկասն այլեւս առաջնահերթություն չէ։ Արդյունքում, սկսելով մերձեցումը Արեւմուտքի հետ, նրանք հարցականի տակ դրեցին Ռուսաստանի հետ փոխգործակցության ռազմավարական հիմքերը։ Բայց անկախ նրանից, թե ինչ դժգոհություններ են ներկայացվում Մոսկվային, Երեւանի «նոր բարեկամներից» ոչ մեկը Հայաստանին չի առաջարկում ո՛չ անվտանգության ավելի որակյալ երաշխիքներ, ո՛չ էլ իրապես գործող տնտեսական ինտեգրացիոն կապեր։
Հայաստանի ընտրություններից իսկապես շատ բան է կախված։ Սակայն կարեւոր է հասկանալ, որ, երբ 2026 թվականի հունիսի 8-ին հանրապետության ԿԸՀ-ն կհրապարակի քվեարկության արդյունքները, դա դեռ պատմության ավարտը չէ։ Խաղաղության պահանջը, հասարակական ֆրուստրացիան եւ ղարաբաղյան տրավման ոչ մի տեղ չեն անհետանա։ Կշարունակվեն վեճերը արդեն ոչ թե «Միացումի», այլ նոր տարածաշրջանային կարգի գնի վերաբերյալ, իսկ հին դաշնակիցները ստիպված կլինեն ապացուցել իրենց առավելությունը նորերի հետ դաժան մրցակցային պայքարում։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: