Ներկայացնում ենք Voxerop կայքում հրապարակված Armenia’s European path is being built one border crossing at a time հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ժան-Պաոլո Ակարդո
Երեւանում աշխարհաքաղաքականության լեզուն հաճախ ձեւակերպվում է ենթակառուցվածքների բառապաշարով։ Սահմանային անցակետեր, էլեկտրական ցանցեր, որակի ստանդարտներ, կենսաչափական փաստաթղթեր, թվային դպրոցներ. սրանք սովորաբար այն խորհրդանիշները չեն, որոնց միջոցով նկարագրվում է երկրի արտաքին քաղաքական շրջադարձը։ Սակայն ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններում դրանք կարող են ավելի կարեւոր լինել, քան հռչակագրերը։
Երեւանում մայիսի սկզբին կայացած առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը լայնորեն ընկալվեց որպես Հայաստանի զգուշավոր արեւմտյան շրջադարձի հերթական նշան։ Սակայն դրա իրական նշանակությունը դիվանագիտական ներկայացման մեջ ավելի քիչ է, եւ ավելի շատ՝ այն գործնական օրակարգում, որը այժմ ձեւավորվում է դրա հետեւում։ Բրյուսելը Հայաստանին չի առաջարկում ԵՄ-ին անդամակցության արագ ճանապարհ, ինչպես նաեւ չի տրամադրում ՆԱՏՕ-ին համադրելի անվտանգության երաշխիքներ։ Այն, ինչ առաջարկվում է, տնտեսական, կարգավորող եւ ենթակառուցվածքային կապերի խիտ ցանց է, որի նպատակն է երկիրը դարձնել ավելի քիչ խոցելի։
Հայաստանում ԵՄ-ի դեսպան Վասիլիս Մարագոսի համար սա հարցի առանցքային կետն է։
«Մեր նպատակը շատ գործնական է՝ օգնել Հայաստանին իրականացնել իր քաղաքականությունը՝ իր տնտեսությունը դարձնել ավելի մրցունակ եւ դիվերսիֆիկացված: Դա նշանակում է բազմազան շուկաներ, բազմազան գործընկերություններ եւ ավելի ուժեղ դիմակայունություն»,- ասել է նա գագաթնաժողովից երկու օր անց:
Հենց այդ բառը՝ «դիմակայունություն» (resilience), դարձել է ԵՄ մերձեցման սկզբունքը։ Բրյուսելի բառապաշարում այն ընդգրկում է առեւտուրը, էներգետիկան, տրանսպորտը, սահմանների կառավարումը եւ ժողովրդավարական ինստիտուտները։ Հայաստանը ցանկանում է ավելի մեծ մանեւրելու հնարավորություն, սակայն չի կարող իրեն թույլ տալ հարաբերությունների կտրուկ խզում Ռուսաստանի հետ։
ԵՄ-ի 270 միլիոն եվրոյի «Դիմակայունության եւ աճի ծրագիրը» (Resilience and Growth Plan for Armenia), որը հայտարարվել է 2024 թվականին, նախատեսված է այդ ջանքերին աջակցելու համար։ Ծրագիրը ոչ միայն օգնության, այլեւ եվրոպական տնտեսական եւ կարգավորիչ համակարգերին Հայաստանի աստիճանական ինտեգրման մասին է։
Առեւտուրը դրա օրինակներից մեկն է։ ԵՄ-ն աջակցում է եվրոպական որակի ստանդարտների ընդունմանը, որպեսզի հայկական ապրանքները կարողանան մուտք գործել նոր շուկաներ։ Սա կարող է տեխնիկական հարց թվալ, սակայն դեպի ծով ելք չունեցող, սահմանափակ արտահանման ուղիներ ունեցող երկրի համար ստանդարտները իրականում աշխարհաքաղաքական գործիքներ են։
«Գաղափարը ոչ միայն հնարավորություններ բացելն է, այլ նաեւ օգնել հայկական ընկերություններին իրականում օգտվել դրանցից», – ասել է Վասիլիս Մարագոսը:
Էներգետիկան եւս մեկ առաջնահերթություն է։ Հայաստանը շարունակում է մնալ կառուցվածքային առումով խոցելի, եւ դիվերսիֆիկացիան չի կարող տեղի ունենալ արագ։ Այդ պատճառով ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող աշխատանքը Վրաստանի հետ էլեկտրաէներգետիկ փոխկապակցումների եւ Սեւծովյան ավելի լայն ցանցերի ուղղությամբ ռազմավարական նշանակություն ունի։ Նույնքան կարեւոր են ներդրումները էներգիայի պահեստավորման, ցանցերի արդիականացման, վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության եւ միջուկային անվտանգության ոլորտներում։
Կապակցվածությունը նաեւ աշխարհագրություն է նշանակում։ ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես հնարավոր հանգույց Միջին միջանցքում՝ Եվրոպան եւ Ասիան կապող առեւտրային ուղիում, որը շրջանցում է Ռուսաստանը։ Այդ տեսլականը կախված է ճանապարհներից, երկաթուղիներից, մաքսային ենթակառուցվածքներից եւ բաց սահմաններից։
Ըստ Վասիլիս Մարագոսի՝ ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը եւ հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ «Սա պետք է ենթադրի ներկայում փակ սահմանների բացում», – նշել է նա։
Բրյուսելն արդեն աջակցել է սահմանային եւ տրանսպորտային ենթակառուցվածքներին Վրաստանի եւ Իրանի հետ սահմանին։ Հնարավոր ապագա նախագծերը կարող են ներառել Մարգարայի անցակետի արդիականացումը եւ Ախուրիկ անցակետը, որը կապված է Գյումրի-Կարս երկաթուղու հետ։
Սովորական հայերի համար ամենատեսանելի խոստումը մնում է վիզաների ազատականացումը։ Գագաթնաժողովը նոր թափ հաղորդեց մի գործընթացի, որը կարող է ի վերջո թույլ տալ կարճաժամկետ առանց վիզայի ուղեւորություններ դեպի Շենգենյան գոտի։ Սակայն ԵՄ-ն մատնանշում է պայմանների կատարումը եւ ոչ թե սիմվոլիզմը։ Անվտանգ կենսաչափական փաստաթղթեր, բնակչության հուսալի ռեգիստրներ, սահմանների կառավարում, միգրացիոն քաղաքականություն, հակակոռուպցիոն երաշխիքներ եւ հիմնարար իրավունքների պաշտպանություն՝ այս ամենը փաթեթի մաս են կազմում։ Քաղաքացիների համար սա Եվրոպայի մոտեցման հստակ նշան է, իսկ Բրյուսելի համար՝ բարեփոխումների մեխանիզմ։
Գործընկերությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտով եւ սահմաններով։ Վասիլիս Մարագոսը առանձնացրել է Հայաստանի թվային ոլորտը՝ որպես երկրի ամենաուժեղ կողմերից մեկը՝ ընդգծելով TUMO նախաձեռնությունը, որը հայտնի է ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում իր աշխատանքով:
Հայաստանը մտնում է քաղաքականապես բարդ փուլ, իսկ ԵՄ-ն ձգտում է խուսափել այն ընկալումից, թե որեւէ կոնկրետ քաղաքական ուժի է աջակցում։ Վասիլիս Մարագոսը հստակ նշել է.
«Մենք այստեղ հաղթողներ ընտրելու համար չենք: Մենք այստեղ են աջակցելու այն պայմաններին, որոնցում Հայաստանի քաղաքացիները կարող են ազատ որոշումներ կայացնել»։
Այս աջակցությունը ներառում է կիբեր դիմադրողականությունը, անօրինական ֆինանսավորման դեմ երաշխիքները եւ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ պայքարը։ Տարածաշրջանում, որտեղ ընտրությունները հաճախ դիտարկվում են աշխարհաքաղաքական պրիզմայով, ԵՄ-ն փորձում է իր դերը սահմանել ոչ թե արդյունքների, այլ ինստիտուտների շուրջ։
Սա կարող է լինել ամենակարեւոր տարբերակումը։ Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ հաճախ նկարագրվում են որպես շրջադարձ, սակայն իրականում տեղի ունեցողը ավելի դանդաղ, տեխնիկական եւ, հնարավոր է, ավելի կայուն գործընթաց է՝ եվրոպականացում ստանդարտների, ենթակառուցվածքների, շարժունակության եւ բարեփոխումների միջոցով։
Գագաթնաժողովից հետո Վասիլիս Մարագոսը քաղաքական ուղերձը ամփոփեց ավելի լայն ձեւակերպմամբ. «Ուղերձն այն էր, որ Հայաստանը այլեւս Եվրոպական քաղաքական քննարկման լուսանցքում չէ»։
Հիմա գլխավոր մարտահրավերը իրականացումն է։ Եթե ԵՄ-ի խոստումները վերացական մնան, Հայաստանի եվրոպական շրջադարձը հեշտությամբ կարող է դիտվել որպես դիվանագիտական բեմադրություն։ Եթե ճանապարհները, ցանցերը, վիզային ռեժիմները, ներդրումները եւ ինստիտուտները սկսեն աստիճանաբար փոխել առօրյա կյանքը, հարաբերություններն ավելի դժվար կլինի ետ շրջել։ Եվրոպան Հայաստան է գալիս ոչ թե մեկ մեծ քայլով, այլ այլընտրանքների աստիճանական կառուցման միջոցով։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: