Թուրքիան ծրագրում է էներգետիկ միջանցք ստեղծել՝ ադրբեջանական էլեկտրաէներգիան Եվրոպա հասցնելու համար

Թուրքիան աշխատում է Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հետ տարածաշրջանային էներգետիկ միջանցքի ուղղությամբ, որը Կովկասից Թուրքիայի միջով էլեկտրաէներգիան կփոխանցի Եվրոպա՝ ընդլայնելով նավթի և գազի խողովակաշարերի վրա կառուցված էներգետիկ գործընկերությունն էլեկտրաէներգիայի առևտրի մեջ: Turkish Minute-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նախագիծը կընդլայնի Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունն էլեկտրաէներգիայի առևտրի և կանաչ էներգիայի ենթակառուցվածքների մեջ։

Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակում կայացած էներգետիկ ֆորումում ունեցած ելույթում Բայրաքթարը նշել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան և տարածաշրջանային այլ երկրներ աշխատում են էլեկտրաէներգիայի փոխկապակցվածության խորացման և ավելի լայն տարածաշրջանային էներգետիկ ցանցի զարգացման ուղղությամբ։

«Մենք պատրաստվում ենք ստեղծել TANAP-ի էլեկտրաէներգիայի տարբերակը»,- ասել է նա՝ նկատի ունենալով Տրանսանատոլիական բնական գազի խողովակաշարը, որն ադրբեջանական գազը Թուրքիայի միջով տեղափոխում է Եվրոպա։

Ծրագիրը նախատեսում է միջսահմանային էլեկտրաէներգիայի միջանցք, որը թույլ կտա մասնակից երկրներին առևտուր անել ավելցուկային էլեկտրաէներգիայով՝ Թուրքիայում վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրության աճն ապահովելու համար։

Բայրաքթարն ասել է, որ Թուրքիան նաև պատրաստվում է 30 միլիարդ դոլար արժողությամբ էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման համակարգի արդիականացման հաջորդ տասնամյակի ընթացքում՝ էներգիայի արտադրության աճն ապահովելու համար։ Ըստ նրա՝ արդիականացումները կամրապնդեն Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հետ փոխկապակցման հզորությունները, ինչը կհեշտացնի էլեկտրաէներգիայի փոխանցումը սահմաններից այն կողմ։

Նախարարը նաև անդրադարձել է Կովկասում և Հարավարևելյան Եվրոպայում ավելի ինտեգրված էներգետիկ տարածք ստեղծելու ավելի լայն ջանքերին, որտեղ էլեկտրաէներգետիկ համակարգերը գործում են ավելի սերտ համակարգված։ Նախաձեռնությունը հիմնված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ներառյալ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարը, Հարավկովկասյան գազատարը և TANAP-ը։ Այս նախագծերը ձևավորել են տարածաշրջանային էներգետիկ հոսքերը և ամրապնդել Թուրքիայի դերը որպես Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ հանգույցի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի փոխկապակցվածությունը շարունակում է մնալ ռազմավարական նշանակություն ունեցող։ Նա մատնանշել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի մասնակցությամբ «Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի» նախագծի ծրագրերը և ասել, որ երկու երկրների համագործակցությունը շարունակում է ընդլայնվել նոր ոլորտներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment