«Եվ ոչ մի ապրանք չի մնալու։ Հիմա արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով»․ Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն ուղարկվել են նոր շուկաներ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր երկրների հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքներն արտահանելու վերաբերյալ։
Հարցին՝ խոսքը Եվրամիությա՞ն, թե՞ այլ շուկաների մասին է, Փաշինյանը պատասխանել է. «Եվրամիության և այլ»։
Նրա խոսքով՝ արդեն մի քանի գործարար պատվիրակություններ աշխատում են նոր շուկաներում։
«Այսօր մեր մի քանի գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են, և արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը վստահեցրել է, որ հայկական արտադրանքի իրացման խնդիր չի լինի։
«Եվ ոչ մի ապրանք չի մնալու։ Հիմա արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով»,- ասել է նա։
Ավելի վաղ, «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Ավելի վաղ սահմանափակումներ էին կիրառվել նաև Հայաստանից մի շարք բանջարեղենային մշակաբույսերի ներմուծման նկատմամբ։