Քեզ, Հայ Լեզո՛ւ, կը սիրեմ մըրգաստանի մը նըման…
Մեր անցեալին թանձրախիտ ստուերներուն մէջ կարծես
Մէյ մէկ պըտուղ՝ քու բոլոր բառերդ ինծի կ՚երեւան,
Որոնց մեջէն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես…։
Վ․ Թեքեյան
Նոյեմբերի 13-ին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի դահլիճում «Թռչնահոգի» խորագիրը կրող համերգով ներկայացավ բանասեր, թարգմանիչ, գրադարանագետ, երաժիշտ Պերճ Թյուրաբյանը։ Համերգը կազմակերպել էր Թեքեյան կենտրոնը։
Ներկա էին «Թեքեյան մշակութային միություն» կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամներ, երգչի կինը՝ Անահիտ Դաշտենց-Թյուրաբյանը, Թյուրաբյանի երգի սիրահարները, հարազատներ, մտերիմներ, ընկերներ, մշակույթի գործիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։
«Այսօր այստեղ հավաքվել են Պերճ Թյուրաբյանի համախոhների խումբը, կամ ինչպես ասում են՝ Պերճ Թուրաբյանն ու ընկերները, նրանց սաները, ինչպես նաև՝ նոր մարդիկ, ինչի համար ուրախ եմ։ Այսօրվա համերգի նորությունն այն է, որ ներկայացվելու են պոլսահայ 3 բանաստեղծներ՝ Զահրատ, Զարեհ Խրախունի, Իգնա Սարըասլան, որոնց գործերի հիման վրա Պերճը երաժշտություն է գրել։ Ասեմ՝ Իգնա Սարըասլանը վերջերս մահացավ, շուտով կնշվի Զարեհ Խրախունու 100-ամյա հոբելյանը, Զահրատի 102 ամյակը», -ասաց Ա․ Ծուլիկյանը և խոսքը տվեց գրականագետ, բ․ գ․ թ․ Քնարիկ Աբրահամյանին, ով հակիրճ ներկայացրեց նշված բանաստեղծների կենսագրական տվյալներ, անդրադարձավ ստեղծագործություններին։
Զահրատը (Զարեհ Յալտըզճյան) ծնվել է 1924թ. մայիսի 10-ին Կոստանդնուպոլսի Նշանթաշ թաղամասում։ 3 տարեկանում վախճանվել է հայրը, իսկ քսանամյա մայրը կրկին ամուսնանում է։ Նրան խնամել է մորական պապը` Հաճի Լևոնը։ 1942 թ․ ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, վրացերեն, թուրքերեն, լիտվերեն։ Վախճանվել է 2007թ․ փետրվարի 21-ին Ստամբուլում։ Զարեհ Խրախունին (Արթո Ստեփանի Ճյումպյուշյան) ծնվել է 1926 թ․ հոկտեմբերի 16-ին Ստամբուլի Եշիլգյուղ (պատմական Սան Ստեֆանո) արվարձանում։ Սովորել է Գաբամաճյան վարժարանում, 1935-1945 թվականներին` Վիեննայի Մխիթարյանների վարժարանում, 1951-ին ավարտել է Ստամբուլի համալսարանը։ Գրական առաջին փորձերը կատարել է 1943 թվականից։ Առաջին հրատարակված գործը՝ «Յաղթականը», լույս է տեսել 1948-ին, Մխիթարյան Սանուց միության «Սան» գրական ամսաթերթի մեջ։ Վախճանվել է 2015 թ․ նոյեմբերի 27-ին Ստամբուլում։ Թուրքահայ հայտնի բանաստեղծ ու բժիշկ Իգնա Սարըասլանը ծնվել է 1945թ․ փետրվարի 12-ին Ստամբուլում։ Նախնական կրթությունն ստացել է Քադըքյոյի Արամյան-Ունջյան վարժարանում։ Միջնակարգ ուսումը ստացել է ֆրանսիական Սեն Ժոզեֆ վարժարանում, որն ավարտել է 1963-ին։ 1969 թ․ ավարտել է Ստամբուլի Ջերրահփաշա համալսարանը վիրաբույժի որակավորումով, հետագայում դարձել է ուռոլոգ։
Վախճանվել էլ է 2026 թ․ փետրվարի 14-ին Ստամբուլում։ Եվ այս 3 նշանավոր բանաստեղծների ստեղծագործությունները վաղուց գերել են Պերճ Թյուրաբյանին, ու պատահական չէ նրա ստեղծած «Թռչնահոգի» երգապնակը, որի բոլոր երգերը հնչեցին նոյեմբերի 13-ին Թեքեյան կենտրոնում։ Համերգը կայացավ երգչուհի Նաիրի Գասպարյանի մասնակցությամբ։ Պ․ Թյուրաբյանը համերգի սկզբում ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպիչներին, հանդիսատեսին, իրեն աջակցողներին։ Անդրադարձավ նշված բանաստեղծներից Իգնա Սարըասլանի առաջին «Լօ» բանաստեղծական հատորին, որը լույս է տեսել 1974 թ․ Կոստանդնուպոլսում։
Հատորը 1973թ․ արժանացած է «Ալեք Մանուկեան գրական մրցանակ»-ին։ Եվ այդ օրվանից հետաքրքրվել է նրա, Զահրատի ու Խրախունու գործերով, որոնք ոգեշնչել են իրեն։ Քանի որ Թեքեյան կենտրոնում էր կայանում համերգը, առաջինը հնչեց Վահան Թեքեյան բանաստեղծի «Տաղ հայերեն լեզվին» («Կ՚սիրեմ քեզ, հայ լեզու») բանաստեղծության խոսքերով գրված երգը։ «Այո, հայերենի շնորհիվ է, որ մենք այսօր կանք, որ այստեղ ենք, երգերը կան, այս բանաստեղծները կան․․․», -ասաց երգիչը երգն հնչեցնելուց առաջ։ Այնուհետև հնչեցին պոլսահայ բանաստեղծների խոսքերով գրված երգերը։ Յուրաքանչյուր երգ ունի իր պատմությունը։ Պ․ Թյուրաբյանը նշեց՝ ծանոթ ու մտերիմ է եղել նշված բանաստեղծների հետ։ Հիշողություններ պատմեց նրանց մասին։ Համերգի վերջում դարձյալ Թեքեյանի խոսքերով երգ հնչեց։ Հանդիսատեսը չէր ուզում լքել դահլիճը, էլի երգեր էր ուզում լսել։ Համերգից հետո ներկաները մոտենում էին երգչին, հայտնում շնորհակալություն, շնորհավորում կայացած մշակութային իրողության առթիվ։
Հ․ Գ․ Համերգից օրեր առաջ՝ նոյեմբերի 4-ին «Թեքեյան մշակութային միության» հոգաբարձուների խորհրդի անդամներ Բագրատ Նազարեանը, Թոնի Կահվեն, «Թեքեյան կենտրոն»-ի տնօրեն Արմեն Ծուլիկյանը Եղվարդում՝ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, որը վերաբացվել է 2024 թ․ հոկտեմբերի 30-ին, հանդիպում ունեցան բանասեր, թարգմանիչ, գրադարանագետ, երաժիշտ Պերճ Թյուրաբյանի, կնոջ՝ Անահիտ Խաչիկի Դաշտենցի, կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի, աշխատակազմի և հյուրերի հետ։ Հանդիպման ընթացքում երգերի կատարումով հանդես եկավ Պերճ Թյուրաբյանը։ Հաճախ ներկաները նույնպես ձայնակցում էին երգչին։ Ստեփանակերտում Վերականգնողական կենտրոնը բացվել է բարոնուհի Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ, 1998 թվականին։ 2005 թ․ սեպտեմբերի 12-ին կենտրոնը վերանվանվել է Քերոլայն Քոքսի անունով։
Կենտրոնի առաքելությունն է եղել և կշարունակվի՝ վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց, ինտեգրել հասարակության հետ, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը։ Կենտրոնն իր տեսակով միակն է եղել տարածաշրջանում, այդ իսկ պատճառով բուժման համար շատերն են դիմել։ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Թադևոսյանը հակիրճ ներկայացրեց կենտրոնի դերը նոր տարածքում։ Տեղեկացրեց՝ դժվարությամբ են տարածք գտել։ Այդ հարցում մեծ է եղել Բագրատ Նազարեանի դերը։ Գտնում է՝ այստեղ նույնպես շատերին կաջակցեն, բացի արցախցիներից։ ՀՀ-ում կենտրոնի բացումը հրամայական էր՝ կապված 2023թ․ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունից տուժածներին աջակցելու հետ։ Բացումից հետո 200-ից ավելի բուժառուի հետ աշխատել են տնային պայմաններում, 60-ից ավելի տուժածների հետ աշխատել այրվածքաբանականում։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: