Արմեն Դարբինյան. Արհեստական երկընտրանքը, հարցեր Փաշինյանին եւ սպասվող «խզումը»

«Живой гвоздь» յութուբյան ալիքում հեռարձակվել է Վիտալի Դիմարսկու զրույցը Հայաստանի նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանի հետ, որից Մեդիամաքսը առանձնացրել է մի քանի հատված:
Արհեստական երկընտրանքը
Այսօր Հայաստանում գրեթե չկա քաղաքական կուսակցություն, որը պատերազմի կամ հակամարտության վերսկսման կոչ է անում: Սակայն կան տարբեր մոտեցումներ այն հարցի շուրջ, թե ինչպես ապրել հետո եւ ինչպես դուրս գալ այս հակամարտությունից: Կան ուժեր, որոնք կարող են շահագրգռված լինել հակամարտության սառեցման մեջ: Բայց չէի ասի, թե Հայաստանում առկա է «պատերազմի կուսակցության» եւ «խաղաղության կուսակցության» կոշտ դիմակայություն:
Արհեստականորեն ստեղծվում է տպավորություն, թե կա իշխող ուժ եւ ռուսամետ «հրեշներ», որոնք ցանկանում են տապալել առաջինին: Պաշտոնական Ռուսաստանը եւ լրատվամիջոցները բացահայտորեն աջակցում են այդ երեք ուժերին՝ արհեստականորեն հակամարտություն ստեղծելով: Ի դեպ, սա ձեռնտու է գործող իշխանություններին. ստեղծվում է շատ հարմարավետ իրավիճակ, երբ նրանք կարող են հարվածել հին կարգերին ու օլիգարխներին: Սա արհեստական դիլեմա է, որը ձեռնտու է Փաշինյանին, քանի որ նման իրավիճակում նա միանշանակ կհաղթի:
2020 թվականի պատերազմն ամեն ինչ փոխեց
Կայսրության շահերով առաջնորդվելը մեզ համար իմաստ ուներ այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղը մնում էր հայկական։ Ոչ թե հայկական պետությանը պատկանելու տեսանկյունից, այլ այն իմաստով, որ հայերն այնտեղ ապրել են դարեր շարունակ։ Եթե կայսրությունը կարող էր աջակցել մեզ, որպեսզի Ղարաբաղը հայկական մնար, մենք էլ կարող էինք մեր շահերը ստորադասել կայսրության շահերին։
Երբ Ղարաբաղը դադարեց հայկական լինել, կայսրության կազմում մնալու իմաստը կորավ։
Սալտիկով-Շչեդրինն ասում էր, որ Ռուսաստանում 5 տարում կարող է փոխվել ամեն ինչ, իսկ 200 տարում՝ ոչինչ։ Հայաստանում 200 տարվա մեջ ամեն ինչ կփոխվի, եւ կախվածության մեջ մնալն այլեւս իմաստ չունի։ Մենք ուզում ենք ստեղծել մեր ինքնիշխան երկիրը, ուզում ենք վերջապես զգալ այն։ Եվ Փաշինյանն այսօր հանրային գիտակցության մեջ հաղթում է հենց նրանով, որ թույլ է տալիս դա զգալ։
Հարցեր Փաշինյանին
Փաշինյանին ահռելի ծավալի հարցեր կան։ Նախեւառաջ՝ նա կարող էր թույլ չտալ պատերազմը։ 2018-ին իշխանության գալուց հետո նա բացարձակ լեգիտիմություն ուներ եւ կարող էր հակամարտության կարգավորման գնալ։ Նա դա չարեց։ Իմ կարծիքով, նրան չբավականացրեց քաղաքական իմաստությունն ու փորձը։ Իսկ Հայաստանի նախկին ղեկավարները կարգավորման չէին գնում, որովհետև լեգիտիմության պակաս ունեին։
Փաշինյանն ուներ այդ լեգիտիմությունը եւ կարող էր գնալ հարցի լուծմանը։ Նա դա չարեց։ Եվ նրա հաշվարկը, թե Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ կամ կարող է կանգնեցնել այն, չարդարացավ։
Հայաստանը չպետք է անդամակցի որեւէ դաշինքի
Անցյալ տարի Հայաստանն ընդունել է մի օրենք, որը փաստացի ազդարարեց Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը: Իմ կարծիքով, Հայաստանը չպետք է անդամակցի որեւէ դաշինքի: Մենք բոլոր հիմքերն ունենք խաղաղասեր, առաջադեմ, ժողովրդավարական երկիր լինել, որն ի զորու է իր շուրջ ապահովել խաղաղություն եւ բարություն:
Քաղաքակրթական պատկանելության տեսանկյունից մենք եվրոպական ժողովուրդ ենք: 1773 թվականին հայերն առաջինը աշխարհում Հնդկաստանի Մադրաս քաղաքում հրատարակեցին ապագա հայկական պետության իրենց տեսլականի սահմանադրությունը։ Դա երբեւէ ստեղծված առաջին հանրապետական սահմանադրությունն էր: Ֆրանսիական մեծ հեղափոխությունը տեղի ունեցավ դրանից 16 տարի անց: Հայերը կանգնած են ոչ միայն քրիստոնեական քաղաքակրթության, այլեւ պետականության հանրապետական մոդելի ակունքներում:
Մենք պետք է հիանալի հարաբերություններ ունենանք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ: Մենք չունենք հակասություններ, մենք չունենք պահանջներ որեւէ մեկի նկատմամբ:
Հայաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկի ընդդեմ Ռուսաստանի շահերի: Իսկ այն, որ Հայաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատում որոշ եվրոպական երկրների հետ, բխում է Հայաստանի շահերից, որոնք պետք է հարգել: Ճիշտ այնպես, ինչպես մենք 200 տարի շարունակ հարգել ենք ռուսական շահերը: Ես շատ եմ ուզում, որ Ռուսաստանում սովորեն հարգել մեր շահերը՝ այնպես, ինչպես Ռուսաստանը հարգում է Սերբիայի շահերը:
«Խզման գլխավոր գիծը»
Հայաստանում գլխավոր խզումը տեղի կունենա ոչ թե ընտրությունների ժամանակ, այլ դրանցից հետո, երբ քննարկվելու է նոր Սահմանադրության նախագիծը:
Կարծում եմ՝ գործող իշխանությունն առանց մեծ դժվարության կհաղթի ընտրություններում: Նախ՝ Հայաստանում իշխանությունը երբեք չի փոխվել ընտրությունների միջոցով: Երկրորդ՝ գործող իշխանությունն ունի վարչական ռեսուրս, քարոզչական մեքենա եւ բռնաճնշման ապարատ: Եվ այդ ամենն աշխատում է:
Փաշինյանի հայեցակարգը պետականության նոր հիմքերի փաստացի ստեղծումն է եւ 1991 թվականին դրված հիմքերի վերացումը: Սակայն մենք ապրում ենք մի հասարակությունում, որի համար արժեքավոր է Ղարաբաղյան շարժման պատմությունը: Մենք չենք կարող մոռանալ այն: Դա արդարության համար համաժողովրդական շարժում էր: Այն մնում է ժողովրդի գեների մեջ, եւ դա հնարավոր չէ բնաջնջել: Եվ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը հենց դա է:

Leave a comment