Գերմանացիների միայն 14%-ն է աջակցում Ֆրիդրիխ Մերցին կանցլերի պաշտոնում․ INSA-ի հարցման տվյալները

Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վարկանիշը շարունակում է նվազել։ INSA հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման տվյալներով, որոնք հրապարակել է Bild-ը, գերմանացիների միայն 14%-ն է կարծում, որ նա համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին։ Հարցվածների 78%-ն իր դժգոհությունն է հայտնել կառավարության ղեկավարի աշխատանքից, իսկ 8%-ը դժվարացել է պատասխանել։

Անգամ իշխող CDU/CSU դաշինքի ընտրողների շրջանում Մերցին աջակցում է ընդամենը 36%-ը, մինչդեռ 58%-ը դեմ է արտահայտվել նրա գործունեությանը։

Հարցվածների 31%-ի կարծիքով՝ CDU/CSU դաշինքից կանցլերի պաշտոնում առավել արդյունավետ կարող էր լինել CSU ղեկավար Մարկուս Զյոդերը, 20%-ը նախապատվությունը տալիս է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի վարչապետ Հենդրիկ Վյուստին, իսկ 13%-ը՝ ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտին։

Բնակչության դժգոհությանն է բախվել նաև փոխկանցլեր, ֆինանսների նախարար և SPD համանախագահ Լարս Կլինգբայլը, ում գործունեությունից դժգոհ է հարցվածների 51%-ը։ SPD աջակիցների շրջանում որպես կուսակցության հնարավոր առաջնորդ մեծ ժողովրդականություն է վայելում պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ գերմանացիների 46%-ը դեմ է աջ ծայրահեղական AfD կուսակցության հետ համագործակցությունը բացառող քաղաքական պատնեշի պահպանմանը, իսկ 34%-ը կողմ է արտահայտվել դրան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment