Մարդիկ հասկացան, որ սեփական արժեհամակարգից հրաժարվելն ինքնին չի երաշխավորում կուշտ փորով հաց ուտել, հակառակը՝ ուղիղ գծով տանում է դեպի կտրուկ աղքատացում. «ՉԻ»

Վերջին օրերին բոլորիս աչքի առաջ նիկոլական քարոզչության կոնցեպտը փլուզվում է։ Ի վերջո՝ ո՞րն էր այդ քարոզչության մեխը։ «Ա՛յ բալամ, ի՞նչ Հայրենիք, ի՞նչ Արցախ, ի՞նչ արժանապատվություն, ի՞նչ պատմություն, ի՞նչ Եկեղեցի, ի՞նչ Արարատ, կարևորը կուշտ փորով հաց ուտելն ա»։ Եվ առավոտից երեկո հենց դա էլ ցուցադրում էր՝ տեսախցիկների առջև հարձակվելով ուտելիքի վրա։

Ընդ որում՝ այդ «քարոզչությունը» լավ էլ աշխատում էր, որովհետև շատերը մտածում էին՝ «հա դե ճիշտ ա ասըմ, մարդուս փո՛րը կուշտ ըլնի, մի անգամ ենք աբրըմ», և պատրաստ էին դրա համար ձայն տալ իրենց «անկոտրելի հզոր վարչապետին»։ Բայց հանկարծ պարզվեց, որ վտանգված է նաև «կուշտ փորով հաց ուտելը», որովհետև Ռուսաստանը սկսել է պատժամիջոցներ կիրառել ու սպառնում է դրանք տարածել նաև բոլոր առանցքային ոլորտների վրա՝ գազ, նավթամթերք, ֆինանսական փոխանցումներ, աշխատանքային միգրացիա, և այլն։ Ու «կուշտ փորի» քարոզչությունը միանգամից «փոզմիշ էղավ»։ Մարդիկ հասկացան, որ սեփական արժեհամակարգից հրաժարվելն ինքնին չի երաշխավորում կուշտ փորով հաց ուտել, հակառակը՝ ուղիղ գծով տանում է դեպի կտրուկ աղքատացում։ Այսինքն՝ իրենք, պայմանական ասած, Արարատի փոխարեն Արագածով են հիանալու ոչ թե ճոխ սեղանների առջև նստած, այլ սոված զկռտալով։

Ընդ որում՝ դա Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊ-ական ուսապարկերին չի վերաբերելու։ Նրանց ի՞նչ է եղել, ոչ գիշեր-ցերեկ հող են մշակում՝ ապրանքը Ռուսաստան արտահանելու համար, ոչ այնտեղից ուղարկված գումարների հույսին են, ոչ էլ կոմունալ վճարներից են նեղվում (միայն կառավարական առանձնատների սպասարկման գումարը կազմում է օրական մեկ միլիոն դրամ)։

Ի դեպ՝ թող որևէ մեկը պատրանքներ չունենա, թե այս սցենարի իրականացման դեպքում հարյուր հազարավոր սոված մարդիկ փողոց դուրս կգան ու կտապալեն սրանց։ Նիկոլ Փաշինյանի արձագանքը կարելի է կանխատեսել մեծ ճշգրտությամբ․ «ստահակնե՛ր, տականքնե՛ր, դուք մի քանի լրտեսների հրահրմամբ մեր ինքնիշխանության դե՛մ եք ոտքի ելել, սաղիդ կսատկացնեմ, բանտերում կփտեք․․․»։ Եվ Արևմուտքը, իհարկե, կգովի մեր տոկուն, վճռական ու ժողովրդավար իշխանություններին։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment