Երևանի փողոցներում ռուսախոս մի բլոգեր՝ Նիկիտա Կոնդրատովը, հարցումներ է անցկացրել, և դատելով հարցերի բովանդակությունից, նա փորձել է պարզել երևանցիների տրամադրությունները Ռուսաստանի ու Եվրոպական Միության մասին։ Հայաստանի քաղաքացիներին ուղղված հարցերը քաղաքական են, հիմնականում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ջերմացման, Ռուսաստանի հետ Հայաստանի տարաձայնությունների մասին և այլն։
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կոնդրատովի հայաստանյան այցը կենտրոնացած էր քաղաքական թեմաների և Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության վերաբերյալ հանրային տրամադրությունների ուսումնասիրության վրա։
Ինչո՞ւ հենց Հայաստանը
Նա Հայաստան այցելել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի օրերին՝ մայիսի սկզբին։ Տեսանյութերից մեկում հատուկ հիշատակում է, որ գագաթնաժողովի օրերն են, Երևանում են նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ու հավելում․ «Դե ես էլ եկել եմ հասկանալու՝ արդյոք մարդիկ ցանկանում են տեսնել նրանց այստեղ»։ Հաջորդ տեսանյութում արդեն Երևանի փողոցներում նրան հանդիպած քաղաքացիներն են, որոնց մի մասը վիրավորում է Զելենսկուն, մի քանիսը անտարբեր են։
«Արդյոք Հայաստանը պետք է հարաբերություն հաստատի ԵՄ-ի հետ», «ԵՄ-ն օգտագործո՞ւմ է Հայաստանին ընդդեմ Ռուսաստանի», «Հայաստանը կմնա՞ առանց ռուսական գազի»․ այս և նման այլ հարցեր է ուղղել Կոնդրատովը երևանցիներին։ Ի դեպ, տեսանյութերից մեկում անցորդներից մեկը Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն է, որն ասում է, թե Եվրոպական Միությունն օգտագործում է Հայաստանին Ռուսաստանի դեմ և դա չի էլ թաքցնում։
Հատկանշական է, որ տեսանյութերի վերնագրերն ու վիզուալը արդեն իսկ քաղաքական ուղերձ են պարունակում։
Օրինակ՝ «Հայաստանը կանգնած է ուկրաինական ճանապարհին» վերնագրի վիզուալի վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է՝ վերևից օգնություն հայցող դեմքով։ Մյուս վիզուալի վրա Փաշինյանը և Սանդուն են՝ միմյանց ձեռք բռնած քայլելիս ևն։
«Փաշինյանը դավաճա՞ն» վերնագրով տեսանյութը նրա TikTok-ի էջում յոթ հարյուր հազարից ավելի դիտում է ունեցել։
Մինչև Հայաստանի թեմային անդրադառնալը Կոնդրատովի էջի բովանդակության հիմնական մասը վերաբերում էր Մոլդովային, Մերձդնեստրին, Ուկրաինային և Ռումինիային։ Հայաստանի վերաբերյալ հրապարակումները նրա ալիքներում ակտիվանում են վերջին ամիսներին՝ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների խորացման, եվրոպական բարձրաստիճան այցերի և առաջիկա ընտրական գործընթացների ֆոնին։
Ի՞նչ նարատիվներ են նկատվում Երևանից արված նրա տեսանյութերում
Նրա հրապարակումների հիման վրա առանձնանում են մի քանի կրկնվող թեզեր․ նախ՝ նրա տեսանյութերում կարմիր թելի նման անցնում է այն թեզը, որ ԵՄ-ին մերձենալը վտանգավոր է և ԵՄ-ին անդամակցության հետևանքով, Հայաստանը կարող է կորցնել անվտանգությունը և հայտնվել պատերազմի մեջ։ Բացի այդ, կասկածներ է առաջացնում արևմտյան դերակատարների նկատմամբ՝ ԵՄ, ԱՄՆ, ՆԱՏՕ։
Նա պարբերաբար Հայաստանը համեմատում է Ուկրաինայի հետ, և Հայաստանի ներկայիս քաղաքականությունը ներկայացվում է որպես Ուկրաինայի նախապատերազմական ուղու կրկնություն։ Նաև շեշտադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ էներգետիկայի, տնտեսության անվտանգության ոլորտներում։
Ընդծենք՝ այս նարատիվները հիմնականում համընկնում են ռուսական պետական և պրոռուսական մեդիա դաշտում շրջանառվող շրջանակների հետ։
«Հայաստանը մեծ ցնցումների եզրին է։ Շուտով ընտրություններ են։ Եվ գլխավոր հարցը՝ ո՞ւր կգնա Երևանը։ Կհետևի՞ Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական ուղուն, թե՞ կպահպանի նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ»,- Հայաստանի մասին տեսանյութը ներկայացնելիս Տելեգրամի իր ալիքում գրել է ռուսախոս լրագրողը։
Նրա տելեգրամյան ալիքում նաև հնարավոր է հեգնանք կարդալ Հայաստանի հասցեին․ «Ընկերներ, եթե ձանձրանում եք և չգիտեք՝ ինչով զբաղվել, հետևեք Հայաստանում անցկացվող ընտրական գործընթացներին»,- գրում է նա։ Նրա հրապարակումներում քննադատական վերաբերմունք է արտահայտվում Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության նկատմամբ։ «ԵՄ գագաթնաժողով Երևանում։ Նման մի խնջույքից հետո Հայաստանը կորցրեց Արցախը։ Ի՞նչ է սպասվում այս անգամ»,- գրել է նա։
Պետական հեռուստաալիքի լրագրողից՝ տարածաշրջանային քաղաքական բլոգեր
Նիկիտան Մոլդովայի Մերձդնեստրից է, լրագրող, բլոգեր և լուսաբանում է Մերձդնեստրի (Приднестровье) հակամարտությունը, աշխարհաքաղաքական զարգացումները և տարածաշրջանային անվտանգության հարցերը: 2022-2024 թվականների մի շարք հրապարակումներում նա ներկայացվում է որպես Մերձդնեստրի գլխավոր պետական՝ «Первый Приднестровский» հեռուստաալիքի լրագրող։ Ինքն իրեն համարում է «սեպարատիստ» Մոլդովայի իշխանությունների համար։ Ունի նաև հարցազրույց Մերձդնեստրի նախագահի հետ։
2024-ից արդեն սկսում է զբաղվել սեփական գործով՝ հիմնում է «КНДР ТВ» ալիքը՝ սոցիալական ցանցի բոլոր հարթակներում ունենալով սեփական ալիքը։
Փաստացի, մինչ սեփական ալիքի ստեղծումը, նա եղել է ոչ թե անկախ լրագրող, այլ աշխատել է Մերձդնեստրի պետական մեդիա համակարգում։
Նրա տիկտոկյան էջն ու տելեգրամյան ալիքը (КНДРТВ-Հյուսիսային Կորեայի ռուսերեն հապավումը-խմբ․) հատկապես շատ ակտիվ են․ առաջինը 10 հազարից ավելի բաժանորդ ունի, իսկ երկրորդը՝ ավելի քան 2000 հետևորդ։ Նրա վերջին տեսանյութը յութուբյան ալիքում՝ «Կյանքը Հայաստանում․ առանց գազի ու Ռուսաստանի» վերնագրով՝ 20 հազարից ավելի դիտում է ունեցել։
Կոնդրատովի հրապարակումներում հետևողականորեն շեշտադրվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը և բացի այդ, կոշտ քննադատության են արժանանում եվրոպական ինտեգրման գործընթացները։ Նա իր հին և նոր հրապարակումներում քննադատում է Մոլդովայի եվրոպական ինտեգրման ուղին, նախագահ Մայա Սանդուի գործունեությունը, պարբերաբար զգուշացումներ է անում «երկրորդ Ուկրաինայի» սցենարի կրկնության մասին և շեշտադրում Ռուսաստանի հետ կապերի կարևորությունը։
Այս ալիքներում նրա բովանդակության հիմնական թեմաներն են՝
- Ռուսաստան-Արևմուտք դիմակայություն,
- Մոլդովա,
- Մերձդնեստր,
- Ուկրաինա,
- Ռումինիա,
- Եվրամիություն,
- վերջերս նաև՝ Հայաստան։
Հայաստանից առաջ հրապարակած տեսանյութերում ռուսախոս բլոգերը ներկայացնում է կյանքը ԵՄ անդամ Ռումինիայում, կադրերում ցուցադրում անտուն մարդկանց՝ վատ պայմաններում ու կանխատեսում՝ «ԵՄ-ում Մոլդովայի ապագան»։
Այսպիսով, FIP.am-ի ուսումնասիրությունը չի բացահայտել տվյալներ, որոնք կհաստատեն Նիկիտա Կոնդրատովի կապը որևէ պետական կամ քաղաքական կառույցի հետ։ Սակայն Հայաստանի վերաբերյալ նրա հրապարակումների թեմատիկան, հարցադրումները, վերնագրերն ու օգտագործվող նարատիվները մեծապես համընկնում են ռուսական տեղեկատվական դաշտում շրջանառվող շրջանակների հետ։
Հատկանշական է նաև, որ Հայաստանի թեման նրա բովանդակությունում ակտիվացել է երկրի համար քաղաքականապես զգայուն ժամանակահատվածում՝ եվրոպական բարձր մակարդակի այցերի և առաջիկա ընտրությունների ֆոնին։
Հասմիկ Համբարձումյան
The post Մերձդնեստրից Երևան․ ով է Հայաստանի փողոցներում հարցումներ անցկացնող ռուսախոս բլոգերը appeared first on FIP.AM.