«Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների խզման հետևանքները Հայաստանի համար աղետալի կլինեն»,-այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Հայաստանի համար սա (Ռուսաստանի հետ կապերի խզումը) պարզապես աղետալի կլիներ։ Գյուղատնտեսական արտադրանքի 98 տոկոսը արտահանվում է Ռուսաստան։ ԵՄ շուկան պարզապես փակ է, փակ շուկա, պաշտպանված։ Այնտեղ առկա խոչընդոտները գրեթե անհաղթահարելի են։ Հետևանքներն իսկապես աղետալի կլինեն», – ասել է Ռ. Քոչարյանը։
Նա նշել է, որ ՀՀ իշխանությունները չեն կարող առաջարկել այլընտրանք, ուր հայ արտադրողները կարող են արտահանել իրենց արտադրանքը, եթե Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարանան։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Ռուսաստանը, իր հերթին, մեծ հետևանքներ չի զգա Հայաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում։ Նա նշել է, որ Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմում է 0.7%, մինչդեռ 2022 թվականին Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումից առաջ այն կազմում էր 0.3%. «Այսինքն՝ Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինն այնպիսին է, որ Ռուսաստանում ոչ ոք չի նկատի։ Սա չափազանց անհավասար իրավիճակ է դրա վրա խաղալու համար»։
«Այսօր Հայաստանի կառավարությունը վարում է արտաքին քաղաքականություն, որը հակասում է իր տնտեսական շահերին։ Ես կարծում եմ, որ սա եզակի դեպք է միջազգային պրակտիկայում», – եզրափակել է Ռ. Քոչարյանը։