Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Արդեն 13 օր է՝ քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել:
Արթուր Օսիպյանը կալանավորվել է ՔՊ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ ՔԱՂԱՔԱԿԱՆ բանավեճի հետևանքով և կալանավորվել է այդ բանավեճից անմիջապես հետո:
Այո, բնական է, որ կալանավորումից հետո պետք էր «հարստացնել» մեղադրանքը և երկնել այլ «հանցանքներ»՝ փորփրելով նրա ֆեյսբուքյան էջը:
Արդյունքում ստացան բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ «մեղադրանք»:
Արթուր Օսիպյանի՝ քաղաքական բանավեճի հարցադրումներին այդ երկրի առաջին դեմքն էր, որ պատասխանում էր «խուլիգանավայել»՝ «փախած», «փախածներ», «դու խի՞ չես զոհվել» արտահայտություններով:
Սա ոչ միայն պատերազմի մասնակից, բռնի տեղահանված խոցելի կարգավիճակում գտնվող մարդու նկատմամբ հանրայնորեն ընկալելի չէ, այլև երկրի առաջին դեմքի կողմից հանցավոր ատելության ու թշնամանքի քարոզ է:
Պետք չէ գալ և հիշեցնել, որ իմ և Արթուր Օսիպյանի քաղաքական հայացքները, մեղմ ասած, խիստ տարբեր են, ես դա չեմ մոռացել:
Բայց դա չի կարող փոխել ոչ նրա խոցելի կարգավիճակը, ոչ քաղբանտարկյալ լինելու փաստը, ոչ էլ իմ վերաբերմունքը քաղաքական բռնաճնշումներին և կատարվող անարդարությանը:
Ազատություն Արթուր Օսիպյանին:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: