9 տարածված թյուրընկալում կրծքագեղձի քաղցկեղի մասին

Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս՝ դառնալով ևս մեկ առիթ՝ հիշեցնելու, թե որքան կարևոր է ուշադրությունն այն հիվանդության նկատմամբ, որը, ցավոք սրտի, կանանց շրջանում շատ տարածված է։

Կրծքագեղձի առողջության մասին իրազեկվածության բարձրացումը հիվանդության դեմ պայքարի նշանակալի քայլերից է․ այս առումով դրական առաջընթաց կա, սակայն կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ դեռևս կան թյուրընկալումներ, որոնցից մի քանիսին անդրադարձել է Քլիվլենդի կլինիկայի ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Հալլե Մուրը։

Թյուրընկալում № 1․ Կրծքագեղձում հայտնաբերված հանգույցը, ամենայն հավանականությամբ, քաղցկեղ է

Կրծքագեղձում հայտնաբերված նոր հանգույցը կարող է վախեցնել։ Սակայն նախքան եզրակացություններ անելը՝ փորձեք հանգստանալ։ Կրծքագեղձի հանգույցները բավականին տարածված են, և դրանց մեծ մասը բարորակ է, այսինքն՝ քաղցկեղային չէ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ 20–50 տարեկան կանանց մինչև 50%-ի մոտ կրծքագեղձի հյուսվածքում առաջանում են փոփոխություններ, որոնք հանգեցնում են ոչ քաղցկեղային հանգույցների, օրինակ՝ կիստաների և ֆիբրոադենոմաների առաջացման։ Այս հանգույցները հաճախ կապված են հորմոնալ փոփոխությունների հետ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բուժում չեն պահանջում։

Այնուամենայնիվ, երբեք չի կարելի անտեսել կրծքագեղձում հայտնաբերված հանգույցը կամ ենթադրել, որ այն ինքնուրույն կվերանա։

«Երբ նկատում եք հանգույցներ կամ կրծքագեղձերի որևէ այլ փոփոխություն, կարևոր է դիմել բժշկի։ Մեծ է հավանականությունը, որ դա կրծքագեղձի քաղցկեղ չի լինի։ Բայց եթե այն քաղցկեղ է, վաղ ախտորոշումը վճռորոշ նշանակություն ունի», – ընդգծում է դոկտոր Մուրը։

Թյուրընկալում № 2․ Կրծքագեղձի քաղցկեղը հիմնականում տարեց կանանց խնդիրն է

Ճիշտ է, տարիքի հետ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը մեծանում է։ Այս հիվանդությունն ավելի հաճախ է հանդիպում 40 տարեկանից բարձր կանանց շրջանում, քան երիտասարդ կանանց մոտ։ Սակայն դա չի նշանակում, որ երիտասարդ կանայք չեն կարող հիվանդանալ։

Իրականում, մեկ հետազոտության համաձայն, 40 տարեկանից ցածր կանանց բաժին է ընկել կրծքագեղձի քաղցկեղի բոլոր դեպքերի մոտ 5%-ը։ Միևնույն ժամանակ, երիտասարդ կանանց մոտ ավելի հաճախ են ախտորոշվել քաղցկեղի ագրեսիվ և բաց թողնված տեսակներ։

«Կրծքագեղձի քաղցկեղը կարող է առաջանալ չափահաս դառնալուց հետո ցանկացած տարիքում, հատկապես եթե ընտանիքում եղել են նման դեպքեր կամ առկա են այլ ռիսկի գործոններ», – նշում է դոկտոր Մուրը։

Թյուրընկալում № 3․ Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են միայն կանայք

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում շատ ավելի տարածված է։ Սակայն այն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ, այդ թվում՝ նրանց, որոնք ռիսկի ակնհայտ գործոններ չունեն։

«Տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղը կազմում է հիվանդության բոլոր դեպքերի 1%-ից պակասը։ Սակայն ախտանշաններն անտեսելը կարող է հանգեցնել հիվանդության ուշ փուլերում հայտնաբերման», – հայտնում է դոկտոր Մուրը։

Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը կարող է առաջանալ ցանկացած տարիքում։ Այնուամենայնիվ, դեպքերի մեծ մասն ախտորոշվում է 60–70 տարեկան տղամարդկանց շրջանում։

Թյուրընկալում № 4․ Եթե ընտանիքում կրծքագեղձի քաղցկեղի դեպք չի եղել, ուրեմն վտանգ չկա

Եթե մարդու կենսաբանական հարազատներից մեկը կամ մի քանիսը հիվանդացել են կրծքագեղձի քաղցկեղով, ապա նրա մոտ նույնպես կարող է բարձր լինել այդ հիվանդության զարգացման հավանականությունը։ Հայտնի են մեկ տասնյակից ավելի գեներ, որոնց որոշ փոփոխություններ կարող են զգալիորեն բարձրացնել հիվանդության ռիսկը։

Սակայն ընտանեկան պատմության բացակայությունը դեռևս չի նշանակում, որ մարդը պաշտպանված է։

«Կրծքագեղձի քաղցկեղը կարող է ախտահարել ցանկացած մարդու, նույնիսկ եթե նրա ընտանիքում նախկինում նման հիվանդություն չի եղել», – պարզաբանում է դոկտոր Մուրը։

Թյուրընկալում № 5․ Կրծքագեղձի քաղցկեղը միշտ սկսվում է հանգույցից

Կրծքագեղձում հանգույցի կամ պնդացած հատվածի առկայությունը քաղցկեղի ամենատարածված ախտանշաններից է։ Սակայն կան այլ ախտանշաններ ևս։

«Ավելի հազվադեպ կարող է լինել կրծքագեղձի ցավ կամ այտուց, ինչպես նաև թևատակի շրջանում ավշային հանգույցի մեծացում։ Երբեմն էլ կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես ախտանիշներ չառաջացնել», – ասում է դոկտոր Մուրը։

Սա բազմաթիվ պատճառներից մեկն է, թե ինչու է այդքան կարևոր պարբերաբար անցնել մամոգրաֆիկ հետազոտություն՝ սկսած 40 տարեկանից կամ ավելի վաղ, եթե բժիշկը խորհուրդ է տալիս։ Մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ամենատարածված մեթոդներից է։

Թյուրընկալում № 6․ Եթե կրծքագեղձի հանգույցը շարժվում է, ուրեմն այն քաղցկեղային չէ

Կրծքագեղձի քաղցկեղային որոշ հանգույցներ ֆիքսված են, այսինքն՝ հպվելիս չեն տեղաշարժվում։ Սակայն չի կարելի ենթադրել, որ հանգույցը քաղցկեղային չէ միայն այն պատճառով, որ շարժվում է։

«Վաղ փուլերում կրծքագեղձի քաղցկեղային հանգույցները հաճախ շարժուն են։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց դրանք դառնում են ավելի քիչ շարժուն և ավելի ամուր կապված շրջակա հյուսվածքներին, ինչի հետևանքով տարբերվում են կրծքագեղձի մյուս հյուսվածքներից», – նշում է դոկտոր Մուրը։

Թյուրընկալում № 7․ Կրծքագեղձի քաղցկեղը ցավ չի առաջացնում

Կրծքագեղձի քաղցկեղը երբեմն կարող է ցավ առաջացնել՝ կախված նրանից, թե կրծքագեղձի որ հատվածում է այն զարգանում։ Ցավի հավանականությունը կարող է մեծանալ նաև ուռուցքի արագ աճի դեպքում։ Միևնույն, հստակ տեղակայված հատվածում շարունակվող ցավը նախազգուշացնող նշան է։

Սակայն կրծքագեղձի ցանկացած ցավ քաղցկեղի նշան չէ։

«Շատ կանայք ունենում են կրծքագեղձերի ընդհանուր ցավ կամ զգայունություն, որը պարբերաբար առաջանում և անցնում է։ Դա պարտադիր չէ, որ քաղցկեղի նշան լինի։ Հաճախ պատճառը հորմոնային փոփոխություններն են», – ասում է դոկտոր Մուրը։

Թյուրընկալում № 8․ Մամոգրաֆիան քաղցկեղ է առաջացնում

Հնարավոր է՝ լսած լինեք, որ մամոգրաֆիան ինքնին մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։ Սակայն այս հետազոտությունը համարվում է բավականին անվտանգ։

«Մամոգրաֆիայի ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են ճառագայթման փոքր չափաբաժնի։ Այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտություններ հաստատում են, որ մամոգրաֆիայի առավելությունները գերազանցում են քաղցկեղի ուշ ախտորոշման հետ կապված ռիսկերը», -նշում է դոկտոր Մուրը։

Հազվադեպ բժիշկը կարող է խորհուրդ տալ մամոգրաֆիայի այլընտրանքային հետազոտություն, օրինակ՝ եթե ճառագայթման նկատմամբ առկա է առանձնահատուկ բարձր ռիսկ։ Հարցերի կամ մտահոգությունների դեպքում նախընտրելի է խորհրդակցել բժշկի հետ։

Թյուրընկալում № 9․ Բժիշկը կարող է հպումով որոշել՝ հանգույցը քաղցկեղային է, թե ոչ

Ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր բժիշկը՝ անկախ մասնագիտական փորձից, չեք կարող միայն հպման միջոցով վստահորեն որոշել՝ հանգույցը քաղցկեղային է, թե ոչ։ Դրա համար անհրաժեշտ է համապատասխան ախտորոշիչ հետազոտություն։

«Եթե առանց լրացուցիչ հետազոտության պարզապես ասեն՝ «Հավանաբար ամեն ինչ կարգին է», դա կարող է հանգեցնել կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ուշացման», – զգուշացնում է դոկտոր Մուրը։

Կրծքագեղձի քաղցկեղի մասին տարածված այլ «առասպելների» մասին կարող եք կարդալ այստեղ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող հիմք հանդիսանալ ախտորոշման համար։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment