Ի՞նչ իրավունքով եք ասում՝ Ծառուկյանի, Քոչարյանի ու Սամվել Կարապետյանի տղաները չեն ծառայել, եթե դուք էլ չեք ծառայել. անչափահաս տղան՝ Փաշինյանին

«Դուք ասում էք՝ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի տղաները չեն ծառայել, իսկ դուք ծառայե՞լ եք»,- այսօր այս հարցերը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղեց մի տղա:

«Ես չեմ ծառայել, որովհետեւ իմ երկու եղբայրները ծառայած են եղել եւ 1991 թվականին այդպիսի օրենք է եղել, որ երրորդ զավակը չի գնում բանակ: Այսինքն՝ օրենքով սահմանված կարգով պետությունն ինձ ազատել է բանակից: Բայց իմ տղան ծառայել է»,- արդարացավ Փաշինյանը:

«Իսկ  ինչ իրավունքով եք մեղադրում նրանց, եթե նույնիսկ չեք ծառայել»,- շարունակեց տղան: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Որովհետեւ ես օրենքով սահմանված կարգով եմ ազատվել, ոչ թե ես չեմ գնացել: Իսկ իրենց զավակները տարբեր կեղծ պատճառաբանություններով են ազատվել»:

Տղան հարցրեց նաեւ՝ ինչո՞ւ է ժողովրդին ու տարբեր քաղաքական գործիչներին Փաշինյանը վիրավորում, ի պատասխան Փաշինյանն ասաց՝ ժողովրդին ինքը չի կարող վիրավորել, որովհետեւ ժողովուրդն իր գործատուն է, իր տերն է:

«Ես շատ եմ լուրեր նայում, հանգիստ եղեք»,- Փաշինյանի ասածին չհավատալով՝ պատասխանեց տղան: Փաշինյանը տղային փորձեց համոզել, որ նրան սխալ լուրեր են ցույց տալիս:

«Ձեր ալիքով սխալ լուրեր են ցույց տալիս, հասկացա»,- արձագանքեց տղան ու հեռացավ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment