«Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 3-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից.

«Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն

Արդեն երկրորդ անգամն է, ինչ օտար պետության պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը որակում է խիզախություն: Խոսքն օրերս Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տված որակման մասին է:

Որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում նիկոլական խիզախությունն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում, պետք է հիշել, թե ինչո՞ւ և ու՞մ կողմից Փաշինյանն առաջին անգամ արժանացավ «խիզախ» գնահատականին:

Առաջինը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին տվեց «խզախ» որակումը: Դա 2022թ․-ին էր՝ Պրահայում նույն թվականի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանին դավաճանաբար հանձնելու շրջանակներում: Նիկոլը համաձայնել էր մակրոնների, միշելների հակառուսական ծրագրերի շրջանակներում Արցախն ու 120 հազար արցախցու դարձնել մանրադրամ և դնել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին: Բնականաբար, հանուն իշխանական աթոռը պահելու հարցում նույն մակրոնների աջակցությունն ստանալու ակնկալիքով:

Հիմա Հայաստանն է դրվել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին: Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում, այն է՝ դավաճանական վարքագծի դրսևորում:

Օտար երկրների պաշտոնյաներին պետք չէ մեղադրել: Իրենք իրենց երկրների շահերն են պաշտպանում: Իրենց համար Նիկոլը խիզախ է: Այլ հարց է, որ հայ ժողովրդի համար այդ ամենը ուրիշ որակում ունի՝ սարսափելի հետևանքերով:

Ի դեպ, Նիկոլի «խիզախությունից» առաջին հերթին շահում են Թուրքիան ու Ադրբեջանը:

Այս ամենին պետք է վերջ դնել հունիսի 7-ի ընտրություններով:

Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար

——

Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով»։

Leave a comment