Բարն իմ բեմն է, սա դահլիճ է, որտեղ տիրում է բացառապես անկեղծ մթնոլորտ. Էդուարդ Մարգարյան

Աշխարհի ամենահեղինակավոր և հայտնի հրատարակությունների էջերում երբեմն հայտնվում են մշակույթի տարբեր ոլորտներում ստեղծագործող հայ արվեստագետներին ներկայացնող հոդվածներ, որոնց հետևողականորեն անդրադառնում է Aravot.am-ը: Խոսքն, իհարկե, մասնագիտական պարբերականների մասին է:

Իսկ վերջերս ամերիկյան Forbes ֆինանսատնտեսական ամսագրում, որը հրատարակվում է 70 երկրներում՝ 26 լեզուներով, իտալուհի հեղինակ և սյունակագիր, փորձագետ Կամիլլա Ռոկկան ներկայացրել է Երևանի հյուրընկալության մշակույթը, լավագույն վայրերը: Ընդարձակ հոդվածը վերնագրված է՝ «Ինչ անել Երևանում. 8 փորձառություն շքեղության և միքսոլոգիայի (խառնուրդային ըմպելիքների արվեստի) միջև» և «Ինչ անել Երևանում. 8 պարտադիր այցելության վայր մայրաքաղաքի լավագույն կոկտեյլ-բարերի, գինեգործական գլուխգործոցների և Հայաստանի սրտում շրջագայությունների միջև»: Հետաքրքիր է, որոնք են օտարերկրացուն տպավորած ու հիացրած այդ 8 վայրերը: Ներկայացնենք միայն դրանց ենթավերնագրերը.

1.Camilla, Նյու Յորքի և Հայաստանի ֆյուժնը,

2.Փաբ, որտեղ բարմենը երգում է,

3.Vedi Alco – քաղաքային գինեգործարան՝ Երևանից մեկ քայլ հեռավորության վրա,

4.Pablo – կոկտեյլ-բար, որտեղ դիզայնը հանդիպում է միքսոլոգիային,

5.Blue Gold – կոկտեյլ-բար, որտեղից չես ցանկանում տուն վերադառնալ,

6.Gustav – սկանդինավյան նրբագեղություն Երևանի սրտում,

7.Անպայման այցելության արժանի ուղևորություն դեպի Գառնի,

8.Երգը ամենահնագույն տաճարի ներսում:

Մեզ հետաքրքրություն առաջացրեց հոդվածի 2-րդ ենթավերնագիրը՝ «Փաբ, որտեղ բարմենը երգում է»: Վերջինիս շարադրանքը ներկայացնում ենք առանց միջամտության.

«Beatles Pub»-ը Երևանի գիշերային կյանքի պատմական վայրերից է և հավաքատեղի նրանց համար, ովքեր սիրում են կենդանի երաժշտություն, արհեստագործական գարեջուր և կոկտեյլներ անկաշկանդ մթնոլորտում: Ներշնչված լիվերպուլյան հայտնի խմբի կերպարներից՝ փաբն առանձնանում է վինտաժ կահավորմամբ, երաժշտական հուշանվերներով և համերգացանկով, որը ձգվում է ռոքից մինչև բլյուզ և տեղական խմբերի ելույթներ: Իսկ ավագ բարմենը՝ տենոր, հաճախ հանպատրաստից կատարում է հայտնի ստեղծագործություններ՝ ստիպելով պարել նույնիսկ առաստաղի մեծ ջահերին: Սա մի տեսարան է, որը չի կարելի բաց թողնել: Ավելին, քան պարզապես կոկտեյլ-բար, սա մի վայր է, որտեղ կարելի է ապրել հայկական մայրաքաղաքի ամենաանհատական ջերմ մթնոլորտը՝ տեղացիների, ուսանողների և միջազգային շունչ փնտրող ճանապարհորդների շրջապատում»:

Մենք ուղևորվեցինք փաբ, որտեղ հանդիպեցինք բարմենին: Պարզեցինք, որ նա՝ Էդուարդ Մարգարյանը, բազմաշնորհ, տաղանդավոր երիտասարդ է: Երաժշտական կրթություն է ստացել Սայաթ-Նովայի անվան դպրոցի թավջութակի դասարանում, հետո տարվել է ռոք երաժշտությամբ, կազմել խումբ, չկտրվելով երաժշտությունից՝ ուսանել է ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո ընդամենը մեկ տարի է աշխատել որպես իրավաբան: Իր խոսքերով՝ ուզում էի, որ արդարություն լինի աշխարհում, ինչն այդ շրջանում այդպես էլ չգտա: Այնուհետև ընդունվում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժին:

Ավարտական տարում՝ 2023 թ., Հայաստանը ներկայացնում է ԱՄՆ-ում ավանդաբար անցկացվող Մայամիի միջազգային մրցույթ-փառատոնում՝ արժանանալով ժյուրիի ամենաբարձր գնահատանքին, ինչի արդյունքում հայ օպերային երգիչը ներգրավվում և հանդես է գալիս Բարտոլոյի դերերգով Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ: Ի դեպ, երգիչը օժտված է հազվադեպ հանդիպող բաս ձայնով, որը կարող է իջնել մինչև կոնտրօկտավայի սոլ-ը կամ ֆա-ն: Նման երգիչներին ընդունված է անվանել բաս-օկտավիստներ:

Վերադառնալով արվեստագետի՝ բարմենի ընտրած մասնագիտությանը՝ մեր զրուցակիցը բարձրաձայնեց, որ արդարություն գտել է հենց բարում՝ առանց մանրամասնելու շեշտելով, որ երաժշտության մեջ էլ է անհրաժեշտ արդարություն.

«Այո, գտա՛ արդարություն բարում: Բարն իմ բեմն է, սա դահլիճ է, որտեղ տիրում է բացառապես անկեղծ մթնոլորտ, որտեղ մարդիկ հաճույքով են գալիս, ոմանք գալիս են մտախոհ, սակայն ընկնելով անկեղծ միջավայր՝ ստանում են դրական ազդակներ, որին, ինչ խոսք, նպաստում է երաժշտությունը: Այո, կանգնած լինելով բարային վահանակի ետնամասում, կոնկրետ ինձ հասանելի են այցելուներից յուրաքանչյուրի հոգեվիճակն այդ պահին: Գիտեք, կան բաներ, որ խոսքերով չես արտահայտի», – ասաց բարմենը, հետո էլ նշեց, թե բարմենը մասնագիտություն է, որն իր մեջ ընդգրկում է մշակույթի մի քանի ոլորտներ՝ երաժշտություն, գրականություն, հոգեբանություն, մարդկանց հետ շփվելու արվեստ, իսկ մեծ հաշվով՝ պետք է ստեղծես երաժշտական միջավայր և ինքդ ելույթ ունենաս:

Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս բավարարել յուրաքանչյուր այցելուի երաժշտական ճաշակը, կամ հնարավո՞ր է գուշակել յուրաքանչյուրի հոգեվիճակն այդ պահին, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Կրկնեմ, որ բարը մեծ բեմ է, և բարմենը իր աշխատատեղից տեսնում է, ընկալում բացառապես բոլոր հյուրերի տրամադրությունն ու, ըստ այդմ, ընտրում, ներկայացնում ստեղծագործությունը, դա կլինի ազգային երգ, արիա, փոփ, ռոք… Կոմիտաս կամ, օրինակ, Queen-ի երգացանկից»:

Ռեպլիկին՝ գուցե պարային երաժշտություն, Էդուարդ Մարգարյանը, հաստատելով, ասաց. «Այո, ինչու ոչ: Մի բան էլ ասեմ՝ հասկանալի պատճառով նաև դիջեյ եմ»:

Հետաքրքրվեցինք, թե, բացի իրեն ներկայացնելուց, Forbes-ը գուցե անդրադարձել է նաև հայաստանյան հյուրընկալության ոլորտի այլ ներկայացուցչի ևս: Բարմենը մեր ուշադրությունը հրավիրեց հիշյալ պարբերականի նախաբանի վերջին մասին, որտեղ հեղինակը՝ Կամիլլա Ռոկկան, գրում է.

«…Վարդագույն քարե փողոցների՝ հայտնի «Քարե քաղաքի» միջով, դուդուկի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված ազգային նվագարանի տխուր հնչյուններն ուղեկցում են կոկտեյլ-բարերով և ռեստորաններով երթուղին, որոնք վերասահմանում են երկրի գաստրոնոմիկ ինքնությունը: Եվ որը հայ/իտալացի Գեղամ Ղազարյանը բարձրացնում է ուշադրության կենտրոն՝ «Yerevan Cocktail Week»-ի միջոցով, մի իրադարձություն, որը պատմում է լիարժեք զարգացման մեջ գտնվող միքսոլոգիայի ասպարեզի մասին և իդեալական առիթ է դառնում բացահայտելու մի քաղաք, որտեղ գաստրոնոմիան, գինին և մշակույթը կողք-կողքի ապրում են հազարամյակներ ի վեր: Ապացույցն է 2027 թվականի մայիսի 3-7-ը Երևանում կայանալիք միջոցառումը»:

Էդուարդ Մարգարյանն իր գործընկերոջը նախ ներկայացնելով որպես աշխարհաքաղաքացի՝ տեղեկացրեց հետևյալը.

«Գեղամ Ղազարյանը համաշխարհային ճանաչում ունեցող միքսոլոգ է, ով իր արվեստը ներդրել է ամբողջ աշխարհում խառնված ըմպելիքների արտադրության մեջ: Իսկ աշխարհի պարբերականները նրա մասին գրում են այսպես՝ նրա (Գեղամ Ղազարյանի) հայրենիքը՝ Հայաստանը, նրան գիտելիքներ է տվել: Աշխարհը՝ փորձ: Իր յուրաքանչյուր ստեղծագործության մեջ նա միավորում է հեռավոր ավանդույթներն ու մշակույթները՝ դառնալով նկարիչ, կախարդ և ալքիմիկոս»:

 

Սամվել Դանիելյան

 

Էդուարդ Մարգարյանի լուսանկարներն իր ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment