ԱԹՍ-ի հարվածից հետո Ռումինիան փակում է ՌԴ գլխավոր հյուպատոսությունը․ հյուպատոսն անցանկալի անձ է հայտարարվել

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է, որ Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինը հայտարարվել է անցանկալի անձ, քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կփակվի, գրում է Current time-ը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանի արձագանքը գլխավոր հյուպատոսությունը փակելու և հյուպատոսին վտարելու ռումինական իշխանությունների որոշմանը «սպասեցնել չի տա»։

Հյուպատոսությունը փակելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մայիսի լույս 29-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքը բախվել է Ռումինիայի Գալաց քաղաքում բնակելի շենքի տանիքին: Երկրի Պաշտպանության նախարարության նախնական տվյալներով՝ այն ռուսական «Գերան-2» անօդաչու թռչող սարք է եղել: Միջադեպի հետևանքով երկու վիրավոր կա՝ մայր և որդի: Եվս մեկ անօդաչու հայտնաբերվել է երկրի հյուսիսային մասում՝ Մարամուրեշի Բեսեշտի համայնքի մոտակայքում:

Դանը տեղի ունեցածն անվանել է «լուրջ միջադեպ»։ Նա նաև քննադատել է որոշ ռումինացի քաղաքական գործիչների, ովքեր, նրա խոսքով, «փորձում են արդարացնել Ռուսաստանին»։

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ «անօդաչու թռչող սարքի այս միջադեպը Ռուսաստանի կողմից լուրջ և անպատասխանատու սրացում է»։

«Ռումինիան կձեռնարկի անհրաժեշտ դիվանագիտական ​​միջոցներ՝ ի պատասխան միջազգային իրավունքի և իր օդային տարածքի այս լուրջ խախտման»,- հայտարարել է երկրի ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ երկրի իշխանությունները կգործեն առավելագույն վճռականությամբ՝ Ռուսաստանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու համար՝ անհապաղ հրադադարի հասնելու նպատակով։

Միջադեպի կապակցությամբ Ռումինիայի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ «ռուսական ագրեսիան անցել է ևս մեկ  սահման»։

«Մենք կշարունակենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Մենք պատրաստում ենք պատժամիջոցների 21-րդ փաթեթը»,- նշել է նա։

ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը Մոսկվային մեղադրել է «անպատասխանատվության» մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

 

 

Leave a comment