«Ուժեղ Հայաստանը» հակադարձել է Ռոմանոս Պետրոսյանին․ բանավեճի պետք է մասնակցի Դավիթ Ղազինյանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ի պատասխան ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի առաջարկի՝ ՀԷՑ-ի կառավարման շուրջ բանավեճ անցկացնել Նարեկ Կարապետյանի հետ, հայտարարել է, որ բանավեճին պետք է մասնակցի ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ղազինյանը եղել է ՀԷՑ-ի գործադիր մարմնի անդամ, «Կենտրոն» ՏՀՏ-ի իրացման տնօրեն, իսկ վերջին շրջանում՝ ընկերության գլխավոր տնօրենի ԺՊ։

«Ի գիտություն ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու հետևանքով ՀԷՑ ժամանակավոր կառավարչի աշխատանքը կատարող Ռոմանոս Պետրոսյանի՝ հայտնում ենք, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հանդիսացել է այդ ընկերության գործադիր մարմնի անդամ, ՀԷՑ ՓԲԸ «Կենտրոն» ՏՀՏ-ի իրացման տնօրեն և վերջին ժամանակահատվածում՝ գլխավոր տնօրենի ԺՊ, հետևապես, հենց նրա հետ Հ1-ի եթերում բանավեճի պետք է մասնակցի Ռոմանոս Պետրոսյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ռոմանոս Պետրոսյանն առաջարկել էր Դավիթ Ղազինյանին բանավեճ անցկացնել ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի գործող տնօրենի հետ՝ նշելով, որ Ղազինյանն այդ պաշտոնը զբաղեցրել է շուրջ 8 տարի։ Միաժամանակ Պետրոսյանը պատրաստակամություն էր հայտնել ՀԷՑ-ի կառավարման շուրջ բանավիճել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ։

Leave a comment