Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը կարծում է, որ ընդդիմադիր խմբակցությունները պետք է իրենց ընտրողներին հաշվետու լինեն Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության փոփոխության գործընթացին աջակցելու առաջարկը մերժելու համար։

Նրա խոսքով՝ ընդդիմության ընտրողների շրջանում կան նաև խաղաղության կողմնակիցներ, որոնց պետք է բացատրել, թե ինչու են իրենց ներկայացուցիչները հրաժարվում վարչապետի առաջարկից։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության՝ նոր Սահմանադրության հանրաքվեի գործընթացին չմիանալու դիրքորոշմանը՝ Ղազարյանը նշեց, որ իշխանությունը չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը։

«Ընտրությունները, մանդատը, պատգամավոր լինելը տենց բան են` պիտի գնաս և փողոցում պատասխան տաս նաև էն մարդկանց, ովքեր ասելու են՝ մենք ձեզ քվե ենք տվել, որովհետև դուք խոստացել եք հեռացնել վարչապետին, բայց վարչապետը ձեզ մի առաջարկ է անում, որի ցանկացած ելքի դեպքում հեռանալու է, և դուք համաձայն չեք։ Արդյո՞ք դուք սպասարկում եք այլ պետության շահը, որը հետաքրքրված չէ Հայաստանում խաղաղության հաստատմամբ»,- ասաց նա։

Ղազարյանը նաև հայտարարեց, որ Սամվել Կարապետյանն ու նրա քաղաքական թիմը, իր գնահատմամբ, «կապիտալի գերի են» և չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության՝ վարչապետի առաջարկին դեմ լինելուն՝ պատգամավորը կասկածի տակ դրեց ՀՅԴ-ի դիրքորոշումը Հայաստանի անկախության հարցում՝ հիշեցնելով, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է դրույթ, ըստ որի՝ Հայաստանի անկախությունը վիճարկել չի կարելի։

Պատգամավորը քննադատեց նաև ընդդիմադիր գործիչների խորհրդարանական գործունեությունը՝ պնդելով, որ նրանց ելույթները հիմնականում սեփական շահերին են վերաբերում։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment