Վանուատուի դրոշի ներքո նավարկող, թուրքական սեփականատիրոջը պատկանող նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

«Մայիսի 28-ի երեկոյան Վանուատուի դրոշի ներքո նավարկող, թուրքական սեփականատիրոջը պատկանող նավը, որը Օդեսայի (Ուկրաինա) նավահանգստից Թուրքիա էր տեղափոխում չոր բեռ, ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման», հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ Անկարայի՝ նավի վրա եղած երկու թուրք քաղաքացիներ ստացել են թեթև վնասվածքներ։

Նախարարությունը նշել է, որ Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը ուշադիր հետևում է թուրք քաղաքացիների վիճակին։ Անկարան իր մտահոգությունն է հայտնել Սև ծովում ռազմական իրավիճակի վերաբերյալ և նախազգուշացումներ է արել բոլոր կողմերի համար հնարավոր բացասական հետևանքների մասին։

«Մեր կոչերը՝ Սև ծովում քաղաքացիական նավագնացության անվտանգությունն ապահովելու և պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելու վերաբերյալ, մնում են արդիական», – ընդգծել է նախարարությունը։

Leave a comment