ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը մինչև 2030 թվականը կարող է աճել մինչև 30 տոկոս

Բաժանորդագրվել

ԵԱՏՄ երկրներում առցանց գնումներ է կատարում մոտ 90 մլն մարդ, ընդ որում շուկայում հիմնական վաճառողները շարունակում են մնալ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների մանրածախ շրջանառության մեջ էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը կազմում է մոտ 19%: Այս մասին Աստանայում «Հակակոնտրաֆակտ-2026» միջազգային XIV ֆորումի լիագումար նիստում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը։

«Հանձնաժողովի կանխատեսումներով՝ ինտեգրացիոն միավորումում էլեկտրոնային առևտրի ընդհանուր մասնաբաժինը ռեթեյլում մինչև 2030 թվականը կաճի մինչև 30 տոկոս: Միության երկրներում առցանց ապրանքներ գնող սպառողների թիվը կազմում է մոտ 90 մլն մարդ, հիմնական վաճառողներն էլ փոքր և միջին բիզնեսներն են», – ընդգծել է նա։

Սուլթանովը նաև հայտարարել է, որ թվային տնտեսության զարգացման հետ մեկտեղ կոնտրաֆակտը դառնում է ավելի տեխնոլոգիական և ավելի ու ավելի ակտիվ է տեղափոխվում էլեկտրոնային առևտրի ոլորտ, այդ թվում՝ առցանց վաճառքի հարթակներ։

Այս առումով, նշել է նախարարը, թվային էկոհամակարգերն աստիճանաբար վերածվում են լիարժեք տնտեսական գործիքների, որտեղ իրացվում են շուկայի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության միջոցներ են կիրառվում։ Նրա կարծիքով՝ սա կարգավորման նոր մակարդակ է պահանջում։

Leave a comment