«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես ասում է․ «Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այլ մեր այսօրվա քննությունն է։ Այսօր կրկին մեր առջև նույն հարցն է՝ կլինե՞նք ուժեղ պետություն, թե՞ թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։ Այսօր Երևանում անցկացվում է ռազմական շքերթ և, իհարկե, յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով, բայց մենք պարտավոր ենք ասել ճշմարտությունը․ բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ PR-ի, ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու, երբ գան 300 հազար ադրբեջանցիները։ Փոքրիկ խմբակի կողմից նման միջոցառումների իրականացումն ունի միայն մեկ նպատակ․ թաքցնել ձեզանից իրականությունը, ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագիրը։ Այսօրվա իշխանությունների օրոք յուրաքանչյուր քայլ արվում է բացառապես ցուցադրության համար, Փաշինյանին չի հուզում մեր երկրի, մեր զինվորի անվտանգությունը, նրան միայն հուզում է իր աթոռը, որը նա պատրաստ է պահել ամեն գնով։ Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ, ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը, երբ հերոսների անունները մոռացվում են, իսկ պարտությունները ներկայացվում են որպես խաղաղություն։
Այսօր Հայաստանը մտնում է որոշիչ ժամանակշրջան, առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն լինելու, դրանք լինելու են պատասխան մեկ հարցի․ արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է նորից վերցնել իր պետության պատասխանատվությունը։ Եթե դուք չեք գնում ընտրության՝ ձեր փոխարեն որոշում են ուրիշները, եթե դուք լռում եք՝ ձեր երեխաների ապագան գրում են ուրիշները։ մենք պետք է վերադարձնենք հավատը պետության նկատմամբ, վերադարձնենք ուժը՝ բանակին, արժանապատվությունը՝ դիվանագիտությանը, վստահաությունը՝ հայ մարդուն»։