Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես կսահմանափակի լոլիկի, վարունգի, պղպեղի և ելակի ներմուծումը Հայաստանից


ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/ԱՌԿԱ/. Ռոսսելխոզնադզորը 2026 թ․-ի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։


Ինչպես նշվում է գերատեսչության կայքում, որոշումը կայացվել է Ռուսաստան հայկական գյուղմթերքի  մատակարարումների ժամանակ խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի տարածքի բուսասանիտարական վիճակի համար։


«Բացի այդ, Հայաստանի իրավասու գերատեսչության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել նախկինում հայտնաբերված խախտումների ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ մայիսի 21-27-ը Ռոսսելխոզնադզորի կողմից Հայաստանի ձեռնարկություններում իրականացված տեսչական ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այն է՝ ջերմոցային համալիրներում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների առկայություն, ինչը հաստատվում է հայկական պտուղ-բանջարեղենային արտադրանքի ներմուծման ժամանակ դրանց հայտնաբերման պարբերական դեպքերով՝ 181 դեպք 2026 թվականի ընթացքում։


Ռոսսելխոզնադզորի տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն, մեծ քանակությամբ պտուղ-բանջարեղենային արտադրանք է մատակարարվում արտաքին տնտեսական գործունեության բազմաթիվ հայաստանյան մասնակիցների կողմից, որոնց սեփականության ձևն անհայտ է, և որոնք խուսափում են կարանտինային բուսասանիտարական հսկողություն անցնելուց։ Նշվածը վկայում է Ռուսաստան արտահանման ժամանակ հայ գործընկերների մոտ արտադրանքի հետագծելիության համակարգի բացակայության մասին։


Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարման սահմանափակումների մասին


Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից ծաղկային և պարենային արտադրանքի ներմուծման վրա՝ մինչև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով ռուս մասնագետների մասնակցությամբ իրականացվող տեսչական ստուգումների ավարտը։


Ռոսսելխոզնադզորը նաև հայտարարել էր Հայաստանից ՌԴ մատակարարվող բանջարեղենի և մրգերի վերաբերյալ բողոքների մասին։


Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։


 

Leave a comment