TRIPP- ը ԱՄՆ ծրագիրն է ՀՀ-ում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, ՀՀ-ին գրեթե ոչինչ չի տալիս. Քոչարյան

«TRPP-ը այս մոդելով, որ առաջարկված է՝ գրեթե ոչինչ Հայաստանին չի տալիս: Իսկ Հայաստանին ինչ-որ բան տալու համար պետք է երաշխավորված լինի, որ այդ երկաթուղին հասնելու է մինչեւ Երասխ: Այդ համաձայնագրի մեջ չկա նման բան: Կան ընդհանուր հայտարարություններ կոմունիկացիաների վերաբերյալ: Իմ ձեւակերպմամբ՝ TRIPP- ը ԱՄՆ ծրագիրն է ՀՀ-ում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար: Չեմ տեսնում նաեւ ԱՄՆ ուղիղ շահերը, ավելի ճիշտ՝ տեսնում եմ շահը Իրանի սահմանում ներկա լինելու հանգամանք: Այդ տեսանկյունից սա խնդրահարույց է, հատկապես եթե ՀՀ բաժնեմասը այս ծրագրում ընդամենը 26 տոկոս է, 42 կմ հատվածից տրանզիտային մուտքերը՝ 26 տոկոսը, փող չէ ընդհանրապես: Հետեւաբար՝ պետք է TRIPP-ը ընդլայնել, մեծացնել մասշտաբը, հասնել մինչեւ Երասխ, այդ դեպքում երաշխավորված կլինի ամբողջ ծրագիրը եւ դա, իհարկե, չի կարող լինել միայն ԱՄՆ ներկայությամբ: Մենք Իրանի հետ լրջագույն խնդիրներ ենք ունենալու: Այդ ծրագիրը պետք է համալրվի այլ պետություններով, որոնց նկատմամբ Իրանն ունի վստահություն, իսկ եթե չի համալրվում, ապա խնդրահարույց է աշխարհաքաղաքական շահերի բախման առումով»,-Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանը TRIPP-ի շրջանակներում տեսնում է նաեւ մեկ այլ տարբերակ՝ երկաթուղին կառուցել ՀՀ միջոցներով եւ այն Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհ կարող է հանգիստ աշխատել ՝ առանց աշխարհաքաղաքական բաղադրիչի: Քոչարյանը վստահ է՝ ՀՀ-ն ի վիճակի է դա կառուցել.«Այդ ծրագիրը անպայման լարվածություն է ստեղծելու ՀՀ եւ Իրանի միջեւ, չի կարող այդ լարվածությունը չլինել: Այսօր ԱՄՆ-ը պատերազմի մեջ է Իրանի հետ: Այն, ինչ արել է ԱՄՆ- ը բանակցային գործընթացի ժամանակ՝ ռմբակոծել ու սպանել Իրանի առաջին դեմքին, բարձրաստիճան պաշտոնյաներին, սա չի կարող հետք չթողնել»:

Քոչարյանը չբացառեց, որ TRIPP-ի գործարկման դեպքում, Իրանը կարող է փակել ՀՀ հետ սահմանը. «Հենց ամերիկացիները հայտնվեն այստեղ, փակի սահմանը, ասի՝ այլեւս մեզ հետաքրքիր չեք դուք: Իրանի արտաքին առեւտրի ծավալներում ՀՀ հետ առեւտուրը 0,2 տոկոս է կազմում: Իրանում չեն էլ նկատելու: Պե՞տք է այդքանը հասկանալ, մեզ պե՞տք է այդ սահմանը, այո՛, պետք է: Այս ճանապարհից օգտվում էինք նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առեւտուր զարգացնելու համար ու ելք է դեպի Հնդկական օվկիանոս, եւ վտանգի տակ դնել մի ճանապարհի 42 կտորանոց մի տրանզիտի համար՝ սա ողջամտությունից շատ հեռու է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment