Հյուսիսային Կորեան մի քանի տեսակի հրթիռներ է փորձարկել

Քաղաքականություն

27.05.2026 | 13:19

Հյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռներ, հրետանային հրթիռներ և բարձր ճշգրտության թևավոր հրթիռներ, որոնք նախատեսված են ժամանակակից մարտական գործողությունների վարման համար։ Այս մասին  գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի KCNA գործակալության հաղորդագրությանը։

Արձակումներին հետևել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Հարավային Կորեայի Yonhap գործակալության տվյալներով՝ մեկ օր առաջ երկրի ռազմական պաշտոնյաներն արձանագրել են կարճ հեռահարության բալիստիկ և հրետանային մի քանի հրթիռների արձակում դեպի Դեղին ծով՝ Հյուսիսային Կորեայի Հյուսիսային Փհենյան նահանգում գտնվող Չոնջու քաղաքի մոտակայքից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մայիսի 26-ին անցկացված փորձարկումները «ԿԺԴՀ-ի հրետանային և հրթիռային ուժերի արդիականացման ծրագրի մաս են՝ ազգային պաշտպանության զարգացման հնգամյա նպատակին հասնելու համար», նշվում է KCNA-ի հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ընը «մեծ գոհունակություն» է հայտնել փորձարկման արդյունքներից՝ դրանք անվանելով ռազմական գերազանցության և մարտական ​​ներուժի աճի «հստակ ազդանշան»։ Նա հատկապես գովաբանել է մարտավարական թևավոր հրթիռը, որը, ըստ KCNA-ի հաղորդագրության, կտեղակայվի ԿԺԴՀ-ի հարավային սահմանի մոտ։

Այս հրթիռն ունի նավիգացիոն մի քանի  համակարգեր, այդ թվում՝ տեղանքի քարտեզագրում և արհեստական ​​բանականության վրա հիմնված ուղղորդում, ինչը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ խոցել 100 կիլոմետր շառավղով ցանկացած թիրախ,  հայտնում են հեղինակները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment