«Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ

«Հայրիկիս գործը շարունակելու պատասխանատվություն զգում էի, սակայն ընտանիքիս անդամների կողմից որևէ ճնշում չի եղել ինձ վրա։ Ոչ ոք ինձ չի ասել, որ պարտավոր եմ ֆուտբոլիստ դառնալ. ասում էին՝ ապրես, որ  հորդ գործը շարունակում ես, բայց երբեք այնպիսի զգացողություն չի եղել, որ պարտավոր եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ»,- մանկության հուշերով է կիսվել և ֆուտբոլում իր առաջին քայլերի մասին պատմել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Միշտ երազել եմ, ցանկությունս եղել է հենց ֆուտբոլ խաղալ, որովհետև ես սիրել եմ ֆուտբոլ խաղը. ոչ թե սպորտաձևը, այլ հենց խաղը»․- նշել է Մխիթարյանը։

Նա պատմել է նաև՝ իրեն միշտ հաճելի էր տեսնել հոր՝ Համլետ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութերը․

«Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են եղել նրա հետ։ Տանը միշտ փորձում էի տեսաերիզներով դիտել նրա մարզումներն ու հանդիպումները, և տեսնելով այն, ինչ երբեք չէի տեսել, յուրահատուկ զգացողություններ էին առաջանում։

Հորս հետ կապված դրվագները մինչ օրս հիշում եմ։ Շատ կուզեի նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, ավելի շատ բաներ սովորել, խորհուրդներ լսել։ Ցավոք, չստացվեց, ու միշտ մտածում եմ, որ եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է, որ ես ֆուտբոլիստ չդառնայի։ Այսինքն՝ հնարավոր է՝ Ֆրանսիայից չվերադառնայինք, ֆուտբոլով չզբաղվեի և չունենայի այդ կիրքն ու մեծ ցանկությունը ֆուտբոլիստ դառնալու»,- ասել է Մխիթարյանը։

 Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլում իր սկզբունքների մասին է նաև խոսել․

 «Գումարը երբեք ինձ համար առաջնային նպատակ չի եղել։ Խաղացել եմ ֆուտբոլ ամբիցիաներիս, նպատակներիս և մանկուց ունեցած երազանքներիս համար»,- նշել է նա։

Անցած ուղին վերհիշելով՝ Հենրիխ Մխիթարյանը նշել է նաև՝ չի ափսոսում ոչնչի համար․

«Ափսոսալու ոչինչ չունեմ»։

Leave a comment