Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքի տակ գտնվող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, երեկ կրկին տեղափոխվել է կալանավայր՝ բանտային կալանքի։ Նման որոշում է կայացրել դատավոր Վահե Ջիվանյանը՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում, դատախազության միջնորդությամբ հրավիրված արտահերթ նիստում։
Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը տեղեկացրել է, որ խափանման միջոցի հարցը քննվել և որոշումը կայացվել է առանց պաշտպանական կողմի մասնակցության։ Նրա խոսքով՝ նույնիսկ տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալին ոստիկանները Գյումրիից Երևան չեն տեղափոխել՝ զրկելով նրան խափանման միջոցի քննարկմանը մասնակցելու և դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից։
MediaHub-ը Հովհաննես Ղարաքեշիշյանից հետաքրքրվեց, թե ինչով էր պայմանավորված դատախազության՝ խափանման միջոցի հարցը քննարկելու համար արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը, հատկապես հաշվի առնելով, որ տնային կալանքի եռամսյա ժամկետը լրանում էր հունիսի 20-ին, իսկ խափանման միջոցի հարցի քննարկումը նախատեսված էր հունիսի 18-ին։
Փաստաբանի փոխանցմամբ՝ դատախազությունը պատճառաբանել է, թե Սպարտակ Ղուկասյանը խախտել է տնային կալանքի պայմանները, ինչով էլ պայմանավորված է եղել հրատապ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը։ Այդ բովանդակությամբ գրություն ստացել է նաև պաշտպանական կողմը։
Փաստաբանի խոսքով՝ այդ պահին պաշտպանական կողմն այլ դատական նիստի էր մասնակցում, ինչի վերաբերյալ դատարան էին ներկայացվել համապատասխան ապացույցներ։ Ինքն էլ Հայաստանում չի գտնվել, ուստի նախապես չնախատեսված նիստին ներկայանալ չեն կարողացել։
Ըստ Հովհաննես Ղարաքեշիշյանի՝ պաշտպանները նախապես խնդրել էին նիստը հետաձգել՝ նշանակելով այն այլ օր կամ ժամ, սակայն դատարանը, որը նման հարցերում կաշկանդված չէ, այդ խնդրանքը հաշվի չի առել և նիստն անցկացրել է առանց իրենց մասնակցության։
Քանի որ ո՛չ պաշտպանական կողմը, ո՛չ էլ մեղադրյալը հնարավորություն չեն ունեցել մասնակցել նիստին, փաստաբանը չի կարողացել ներկայացնել, թե դատախազությունը կոնկրետ ինչ խախտում է վերագրել Սպարտակ Ղուկասյանին։
Նա հավելել է, որ հետագա քայլերի վերաբերյալ որոշում կընդունեն դատարանի որոշումը ստանալուց և փաստական հանգամանքներին ծանոթանալուց հետո։ Սակայն արդեն իսկ հստակ որոշում կա բողոքարկել այն փաստը, որ նիստն անցկացվել է առանց պաշտպանական կողմի մասնակցության։
Ինչպես տեղեկացրել է Հովհաննես Ղարաքեշիշյանը, Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է ավարտական փուլում․ վկաներն արդեն հարցաքննվել են, գրավոր ապացույցներն ուսումնասիրված են, և մնացել են եզրափակիչ ելույթները։ Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 18-ին։
Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված խուլիգանության հատկանիշներով։
Փաստաբանների պնդմամբ՝ քննչական մարմինը խուլիգանություն էր որակել Սպարտակ Ղուկասյանի՝ դատարանի դահլիճում հնչեցրած «սրանք воздух են» արտահայտությունը՝ այն գնահատելով որպես հայհոյանք պարունակող խոսք։
Թագուհի Ասլանյան