Հասարակական, քաղաքական տարբեր գործիչներ, հասարակ քաղաքացիներ վրդովվել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կոպիտ արձագանքից՝ հայ գերիների վերադարձին վերաբերող հարցին։
Մայիսի 25-ին Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողները հետաքրքրվում էին, թե ինչ օրակարգով է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան գալիս։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե արդյոք Ռուբիոյի հետ հայ գերիների հարցը քննարկվելու է։
«Ա՜ դե ծընգլ արիք»,- լսելով հարցը՝ արձագանքեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Լրագրողը ևս մեկ անգամ փորձեց գերիների վերաբերյալ հարց ուղղել։
«Սսսս․․․ հարցազրույց չեմ տալիս»,- պատասխանեց Միրզոյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը ևս մեկնաբանել է Միրզոյանի արձագանքը։
«Սա ՀՀ արտաքին գործերի նախարարն է, սա այն անձնավորությունն է, որը պետք է պաշտպանի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը միջազգային ատյաններում և ամբողջ աշխարհում։ Ու տեսեք՝ ինչպես է արտահայտվում գերիների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում ասում է Սաղաթելյանը։
Sputnik Արմենիա