«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, մինչեւ տարեվերջ կառավարությունում «կլյուչեւոյ» պաշտոններում ծվարած պաշտոնյաների «ջարդ» է սպասվում։
«Թիրախում հնաբնակներն են, որոնք կամեռաների տակ ֆնչացնելով ու բողոքելով` գործ են անում: Ա՛յ, դրանց իրական ջարդ է սպասվում»,- ասաց աղբյուրը։
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի երեկվա ելույթից հետո իրավիճակը թեժացավ, եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը, քանի որ ՔՊ-ականները սկսեցին Վեհափառին ավազանի անունով դիմել:
ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ ֆրակցիան առաջիկայում հաճախակի է դարձնելու նման սադրիչ ելույթները՝ փորձելով ընդդիմադիրներին ներքաշել լեզվակռվի, «ռազբորկայի» մեջ: Չեն խուսափելու անգամ ուժի դիմելուց եւ բռունցքներին են ազատություն տալու, որովհետեւ նման մարտավարություն է ընտրել առաջնորդը:
Երեկ եւս կարող էր բանը հասնել ծեծկռտուքի, սակայն ՔՊ-ի հաշվարկը չաշխատեց, եւ «ուժեղները» միասնաբար լքեցին դահլիճը։ Նպատակն այն է, որ նման աղմկոտ միջադեպերով վարկաբեկեն ընդդիմությանը։ Որովհետեւ հանրությունը շատ ավելի մեղադրում է ընդդիմադիրներին, քան վաղուց վարկաբեկված իշխանականներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի վերջին հրապարակումները նոր լարվածություն են առաջացրել ՔՊ-ում։ Եթե սկզբում նրա քննադատության թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր և մայրաքաղաքի անտանելի խցանումները, ապա այժմ նրա հայտարարություններում ՔՊ-ականների մի մասը նաև իշխանության ընդհանուր քաղաքականության նկատմամբ դժգոհության ուղերձներ է տեսնում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանի երեկվա հրապարակումները երեկ ՔՊ-ում ներքին քննարկումների առիթ են դարձել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության ներսում տարակուսած են, թե ինչու է վարչապետի կինը նման կոշտ գնահատականներ հնչեցնում հարազատ ամուսնու գլխավորած քաղաքական թիմի ներկայացուցիչների հասցեին, և արդյոք սա ընդամենը քաղաքային խնդիրների շուրջ դժգոհությո՞ւն է, թե՞ ավելի խորքային քաղաքական ուղերձ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ բավականին հեգնական տոնով քննադատել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ մայրաքաղաքի մի կետից մյուսը հասնելու համար արդեն տիեզերագնացի առողջություն է պահանջվում։ Նա նաև ակնարկել էր, որ միլիոնավոր դոլարների ներդրումներ իրականացնող ընկերություններին շինթույլտվություններ տրամադրելը, թերևս, ավելի հեշտ է, քան խցանումների խնդիրը լուծելը։
Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց։ Նոյեմբերի 17-ին Աննա Հակոբյանը կրկին անդրադարձավ խցանումներին՝ այս անգամ դիմելով կին վարորդներին և կոչ անելով նրանց բարձրաձայնել դժգոհությունը։ Նրա ամենաուշագրավ արտահայտությունը, թերևս, հետևյալն էր.
«…թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանություններն են մեղավոր»։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության տարիներին բազմաթիվ խնդիրների ու ձախողումների առնչությամբ մշտապես հղում է անում նախկին իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եվ հիմա նրա կինը՝ առանց անուններ տալու, նույն այդ մոտեցումը ներկայացնում է հեգնական համատեքստում։
ՔՊ-ում, ըստ մեր աղբյուրների, այս հանգամանքն էլ աննկատ չի մնացել։ Ավելին՝ կուսակցության ներսում քննարկվող վարկածներից մեկն այն է, որ Աննա Հակոբյանը ոչ միայն դժգոհություն է հայտնում Տիգրան Ավինյանից, այլև հրապարակային կերպով ցույց է տալիս, որ համաձայն չէ իշխանության որոշումների ու գործելաոճի հետ։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում այս իրավիճակի վերաբերյալ մի քանի տարբեր մեկնաբանություններ կան։ Մի մասը կարծում է, որ Աննա Հակոբյանն այս ակտիվությամբ քաղաքական դաշտում իր հնարավոր մուտքի համար է հող նախապատրաստում։ Մյուսները համոզված են, որ նրա թիրախում առաջին հերթին Տիգրան Ավինյանն է, և այս հրապարակային քննադատությունների նպատակը քաղաքապետի քաղաքական դիրքերի թուլացումն է՝ հատկապես Երևանի առաջիկա ընտրությունների համատեքստում։
Իսկ ՔՊ-ականների մեկ այլ հատվածի գնահատմամբ՝ վարչապետի կնոջ պահվածքը շատ ավելի խորքային դժգոհության արտահայտություն է. ստացվում է, որ Փաշինյանի ամենամերձավոր շրջապատից մեկը հրապարակային կերպով քննադատում է նրա թիմի ներկայացուցիչներին, իսկ որոշ արտահայտություններով՝ նաև իշխանության տարիներով ձևավորված քաղաքական գործելաոճը։
Հատկանշական է, որ Աննա Հակոբյանի հայտարարություններին նոյեմբերի 17-ին արձագանքել է նաև Տիգրան Ավինյանը։ Նա հայտարարել է, որ խցանումները նյարդայնացնում են ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև իրեն ու բոլոր քաղաքացիներին՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքապետարանը պետք է առաջարկի խնդրի լուծումները։
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում հերթական անհարմար իրավիճակն է ստեղծվել։ Երբ վարչապետի տիկինն է հրապարակային հարվածներ հասցնում սեփական թիմի քաղաքապետին, իսկ նրա խոսքում արդեն հեգնանքի առարկա է դառնում նաև իշխանության՝ նախկիններին մեղադրելու սովորույթը, հարց է առաջանում՝ սա ընդամենը խցանումների շուրջ դժգոհությո՞ւն է, թե՞ ՔՊ-ի ներսում հասունացող ավելի լուրջ հակասությունների արտահայտություն»։