Հոգեպարար և շնորհառատ էր գտնվել Մայր Աթոռում, ստանալ Նորին Սրբության օրհությունն ու հայրական քաջալերանքը․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրում է․ «Քահանայից ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Այսօր՝ Սրբոց Վարդանանց տոնի օրհնաբեր առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց քահանայից հոգեշահ ժողով՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի։

Հավաքը մեկնարկեց Մայր Տաճարում Ճաշու ժամերգությամբ, որի աղոթական մթնոլորտում հոգևոր դասը միասնաբար իր աղոթքներն վերառաքեց առ Աստված։

Այնուհետև Գևորգյան Հոգևոր Ճեմարանի հարևանությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կառուցված հանդիսությունների սրահում շարունակվեց քահանայից ժողովը՝ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ։ Ժողովի կազմակերպչական պատասխանատվությունը ստանձնել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որովհետև ժողովներ կազմակերպման պատասխանատու Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ապօրինի տնային կալանքում էր։

Ժողովի ընթացքում հանդես եկան Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր սպասավոր արժանապատիվ Տեր Փառեն Առաքելյան ու Գուգարաց թեմի Վանաձորի առաջնորդանիստ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տէր Տաճատ քահանա Բարսեղյանը՝ ներկայացնելով հովվական ծառայությանը վերաբերող խորհրդածություններ և օգտաշատ դիտարկումներ, այդ թվում իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական ապօրինությունները։

Ժողովին ապօրինի կալանքի պատճառով ներկա չէր Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը վարչական արգելանքի պատճառով հեռավորություն էր պահում Թեմի քահանայից դասից։

Թեմերից ընտրված քահանա հայրերը հանդես եկան ժողովականների կողմից հայտարարությամբ, որին կարող եք ծանոթանալ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See ի էջում։

Քահանայից ժողովը կարճ ընդմիջվեց Մայր Աթոռի սեղանատանը կազմակերպված եղբայրական միասնական ճաշով, ապա շարունակվեց թեմատիկ քննարկումներով, ամփոփվեց Պահպանիչ աղոթքով և քահանա հայրերին վերջին շրջանում տպագրված հոգևոր գրականության նվիրատվությամբ։

Հոգեպարար և շնորհառատ էր գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աղոթական միջավայրում, ստանալ Նորին Սրբության օրհությունն ու հայրական քաջալերանքը՝ առավել զորանալով եկեղեցական ծառայության նվիրական ճանապարհին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment