ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն միասին դիտել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը։ Էքսպոզիցիան կազմակերպվել է մայիսի 26-28-ը Մոսկվայում անցկացվող Անվտանգության առաջին միջազգային ֆորումի շրջանակում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
Ալեքսանդր Վոլֆովիչը ուշադրություն է հրավիրել ցուցահանդեսի արդիականության վրա։
«Պատմությունը կրկնվում է, հետ է շրջվում։ Մտածո՞ւմ էին արդյոք մեր պապերն ու նախապապերը, որ ֆաշիզմը կրկին գլուխ կբարձրացնի», — նշել է նա։
«Սա կարևոր և արդիական է, նման ցուցահանդեսները շատ անհրաժեշտ են երիտասարդությանը», — ընդգծել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարը։
Բացի այդ, Ալեքսանդր Վոլֆովիչն ու Սերգեյ Շոյգուն ծանոթացել են նաև անվտանգության ոլորտում գործող ռուսական ընկերությունների տաղավարներին։