Պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսի չարաշահում. հրապարակվել է ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելության 2-րդ միջանկյալ զեկույցը

Միջանկյալ զեկույց N 2

10-24 մայիս

ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելության երկրորդ միջանկյալ զեկույց

հիմնված երկարաժամկետ դիտորդների հաղորդումների և հրապարակային տվյալների վրա, որոնք արձանագրված են հետևյալ էլկայքերում

արդարքվե.հայ

youthvote.live

fyca.net

  1. Պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսի չարաշահում

Իրավական համատեքստ. Հանրային պաշտոնյաներին և ծառայողներին արգելվում է իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել կուսակցական շահերի համար («Հանրային ծառայության մասին» օրենք, վարքագծի կանոնագիրք)։ Պետական ռեսուրսները (աշխատաժամանակ, տարածք, տեխնիկա, անձնակազմ) չեն կարող օգտագործվել քաղաքական ուժի օգտին։ Միջազգային չափանիշները պահանջում են վարչական ռեսուրսների չեզոք և ոչ խտրական օգտագործում ամբողջ ընտրական գործընթացում։

Դրսևորումներ.

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին ֆեյսբուքյան էջում առաջարկել է վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքը որոշակի պայմաններով մեկ տարի անց առանց քննության վերականգնել, այնուհետև նույն օրը հարցում է դրել առցանց քվեարկության՝ պարտավորվելով իրականացնել հանրային աջակցության դեպքում: Առաջարկը ներկայացվել է որպես գործող վարչապետի նախաձեռնություն, այլ ոչ թե կուսակցական թեկնածուի խոստում, ինչը խախտում է վարչական ռեսուրսի չեզոքության սկզբունքը:
  • Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանը աշխատանքային ժամին ներկա է գտնվել իշխող ուժի քարոզարշավին և լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է՝ «Աշխատանքի եմ, բա Հանրապետության վարչապետն է եկել»՝ փաստացի արդարացնելով պաշտոնական ժամանակի օգտագործումը կուսակցական նպատակներով:
  • Վերին Արտաշատում համայնքային մշակույթի կենտրոնի (ՀՈԱԿ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նինել Գաբրիելյանը և պարուսույց Տիրուհի Սողոմոնյանը կազմակերպել և մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական միջոցառմանը՝ ի պաշտոնե հանդես գալով և օգտագործելով համայնքային ռեսուրսներ:
  • Ստեփանավանում, քաղաքապետի հրահանգով մանկապարտեզների, հիվանդանոցի, դպրոցների աշխատակիցները մասնակցել են ՔՊ հավաքին։
  • Ստեփանավանում, ՔՊ կուսակցության հանրահավաքին վարչական ռեսուրս է ներգրավվել, մասնավորապես, համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները տեղում մասնակցել են քարոզչական նյութերի տեղադրման և ապամոնտաժման աշխատանքներին։
  1. Պարտադրանք, ճնշում, ահաբեկում, աշխատանքից ազատում

Իրավական համատեքստ. Քրեական օրենսգիրքհոդված 236 (հավաքին մասնակցելուն հարկադրել), հոդված 203 (խտրականություն): Արգելվում է աշխատողներին սպառնալ աշխատանքից ազատելով կամ այլ բացասական հետևանքներով նրանց քաղաքական ընտրության վրա ազդելու նպատակով:

Դրսևորումներ.

  • Ապարան համայնքում մայիսի 13-ին իշխող կուսակցության քարոզարշավի ժամանակ դպրոցների տնօրենները և ուսուցիչները աշխատանքային ժամերին կազմակերպված մասնակցել են միջոցառմանը, իսկ աշակերտներին հրահանգվել է դուրս բերել դասապրոցեսից՝ վարչապետին դիմավորելու համար: Երեխաներին տրվել են պարտադրողական բնույթի ցուցումներ նույնիսկ արտաքին տեսքի (հյուսեր, հագուստի գույն) վերաբերյալ:
  • Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում դասապրոցեսը նախատեսվածից շուտ է ավարտվել, որպեսզի աշակերտները մասնակցեն վարչապետի հետ հանդիպմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև դպրոցի ուսուցիչներն ու տնօրեն Շուշանիկ Հախնազարյանը:
  • ՔՊ քարոզիչների՝ դռնեդուռ քարոզի ժամանակ անչափահաս՝ 16-ամյա մի տղա, բակի զրուցարանում նստած, իր անհամաձայնությունն է բարձրաձայն հայտնել ՔՊ-ի լոզունգները բացականչողների ուղղությամբ։ Նրան են մոտեցել թաղապետարանի առևտրի բաժնի աշխատակիցները՝ հասուն տղամարդիկ, հորդորել են, որ «խելոք սթրվի տեղը», ապա խոստացել են, որ հետո գալու են նրա ետևից։
  • Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ․ հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանին նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, սակայն ազատել է պաշտոնից ընդդիմադիրների հավաքին մասնակցելու համար։
  1. Ատելության խոսք, նվաստացում, քաղաքական անհանդուրժողականություն

Իրավական համատեքստ. Ատելության խոսքն արգելվում է Ընտրական օրենսգրքով (քարոզչության ժամանակ) և Քրեական օրենսգրքով (զանգվածներին ատելություն հրահրելը): Հանրային պաշտոնյաների վարքագծի կանոնագիրքը պահանջում է զսպվածություն և հարգալիր վերաբերմունք:

Դրսևորումներ.

  • Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել է անհարգալից խոսույթի, անձնական վիրավորանքների, սպառնալիքների և անպարկեշտ բառապաշարի կիրառման զգալի աճ, ինչը նպաստում է հասարակական լարվածության մեծացմանը:
  • Արթուր Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճի ընթացքում կողմերը փոխադարձաբար կիրառել են կոշտ, սուր, որոշ դեպքերում՝ անպատշաճ արտահայտություններ: Հատկապես մտահոգիչ են վարչապետի կողմից Արցախից բռնի տեղահանված անձանց ուղղված արտահայտությունները, որոնք սրում են հանրային տրամադրությունները:
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) մայիսի 14-ին հայտարարությամբ անդրադարձել է նախընտրական շրջանում պաշտոնատար անձանց արտահայտման ազատության սահմաններին՝ ընդգծելով բարեկիրթ, հարգալիր վարքագծի և զսպվածության կարևորությունը:
  • ՔՊ կուսակցության առաջնորդը սպառնում է Բարգավաճ Հայաստանի կուսակցության առաջնորդին վարչական ռեսուրսի օգտագործումը օտարելիս սեփականության իրավունքով պատկանող գույքը, ինչպես նաև պարապուրդի կոչ է անում գործարանի աշխատակիցներին։
  • ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համար Ն․ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ վիրավորելով տարբեր քաղաքական թիմերի ներկայացուցիչների՝ Սամվել Կարապետյանի մասին արտահայտվել է հետևյալ կերպ․ «Պետության համը կոկորդիդ ա մնալու, խռխռալու ես»։
  1. Անչափահասների և երեխաների ներգրավում քարոզչությանը

Իրավական համատեքստ. ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիա, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի ուղեցույցներ — երեխաները չպետք է մանիպուլացվեն քաղաքական նպատակներով, չեն կարող ենթարկվել ռիսկերի (հրմշտոց, բռնություն, ոչ պատշաճ լեզու): «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն արգելում է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:

Դրսևորումներ.

  • Ապարան համայնքում մայիսի 13-ին դպրոցականներին դասերի ժամանակ դուրս են բերել դասապրոցեսից՝ վարչապետին դիմավորելու և քարոզչական միջոցառմանը մասնակցելու նպատակով: Երեխաներին բաժանվել են դրոշներ, տրվել են հրահանգներ արտաքին տեսքի վերաբերյալ: Ծաղկաշեն գյուղի դպրոցի աշակերտներին բաժանվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշներով շապիկներ:
  • Վերին Արտաշատում մշակույթի տան սաները (երեխաներ) ներգրավվել են քաղաքական քարոզչական միջոցառմանը, իսկ դպրոցի աշակերտների համար դասապրոցեսը վաղաժամկետ ավարտվել է՝ հանդիպմանը մասնակցելու համար:
  1. Ընտրական հանձնաժողովների գործունեության թերություններ

Իրավական համատեքստ. Հանձնաժողովները պետք է աշխատեն թափանցիկ, անկողմնակալ, ապահովեն հավասար մուտք և մատչելիություն:

Դրսևորումներ.

  • ԿԸՀ կայքում մայիսի 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից միայն 8-ն են հրապարակել իրենց նախընտրական ծրագրերը: Թեև օրենքով պարտադիր չէ, ծրագրերի հրապարակումը ժողովրդավարական ընտրությունների հիմնարար տարր է, որը թույլ է տալիս ընտրողին գիտակցված որոշում կայացնել:
  • 11 քաղաքական ուժ դեռևս չի ներկայացրել իր ծրագիրը:
  1. Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության լուրջ խնդիրներ

Իրավական համատեքստ. Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` ընտրություններին մասնակցող ուժերի բանկային հաշիվների մնացորդների, մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները բանկերը երեք աշխատանքային օրը մեկ պետք է ներկայացնեն ԿԿՀ-ին, որը պարտավոր է ամփոփել և հրապարակել դրանք:

Դրսևորումներ.

  • Ըստ ԿԸՀ ժամանակացույցի ֆինանսական հաշվետվողականության գործընթացը պետք է մեկնարկեր մայիսի 7-ից: Սակայն մայիսի 14-ի դրությամբ ԿԿՀ կայքում որևէ ամփոփ տեղեկանք առկա չէ: Տվյալների ժամանակին հրապարակման բացակայությունը խոչընդոտում է ընտրողների և քաղաքացիական հասարակությանգիտակցված դիրքորոշում ձևավորելու հնարավորությունը:
  1. Քարոզչական նյութերի ապօրինի տեղադրում

Իրավական համատեքստ. Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն համայնքի ղեկավարի կողմից հատուկ այդ վահանակների վրա, ընտրական շտաբների վրա։

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա: Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր, տեղադրել դրանք իրենց պատկանող կամ իրենց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների վրա կամ դրանց ներսում։

Դրսևորումներ.

Թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովի գործունեության հասցեից մոտ 100 մետր հեռավորությամբ՝ Էջմիածնի Մաշտոցի փողոցի բազմաբնակարան շենքի վրա փակցվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչական պաստառը։

Ակնհայտ է, որ տեղադրված պաստառը չափերով մեծ է և դուրս է եկել անձին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող տարածքից։

  1. Ընտրական գործընթացին միջամտություն ուսումնական հաստատություններում

Իրավական համատեքստ. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն արգելում է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեությունը: Ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչությունը ուսումնական հաստատությունների աշխատողներին ի պաշտոնե հանդես գալիս:

Դրսևորումներ.

  • Ապարան համայնքում մայիսի 13-ին մի շարք դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ կազմակերպված մասնակցել են իշխող կուսակցության քարոզարշավին` դասապրոցեսը խաթարելով: Դպրոցի ղեկավարները հեռախոսազրույցներում խիստ տոնով հրահանգավորել են ապահովել երեխաների պարտադիր մասնակցությունը:
  • Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում դասապրոցեսը նախատեսվածից շուտ է ավարտվել, որպեսզի աշակերտները մասնակցեն վարչապետի հետ հանդիպմանը:
  1. Լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի կողմնակալ օգտագործում

Իրավական համատեքստ. Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեական հանցագործություն է (Քրեական օրենսգիրք, հոդված 237):

Դրսևորումներ.

  • Մայիսի 13-ին Սպիտակում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանից առ այն, թե ինչու է վերջինս աշխատանքային ժամին ներկա իշխող ուժի քարոզարշավին: Ի պատասխան` համայնքապետի տեղակալը հարվածել է տեսախցիկին և հայտարարել, որ աշխատանքի է, քանի որ վարչապետն է եկել:
  1. Ընտրական օրենսդրության այլ խախտումներ և բացեր

Դրսևորումներ.

  • Վարչական իրավախախտման քրեականացում (Ա. Հովհաննիսյանի գործ).Քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր նախընտրական քարոզչական պաստառ պոկելու համար, և նրա նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ (Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով), չնայած որ նույն արարքը Վարչական իրավախախտումների օրենսգրքի 40.11-րդ հոդվածով նախատեսում է միայն տուգանք: Ձերբակալվածի կարգավիճակում գտնվող անձը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ մեկ օր անց ինքնասպան է եղել: Արդար Քվե դիտորդական առաքելությունը գործողությունը համարում է ոչ իրավաչափ, անհամաչափ և վարչական ռեսուրսի քաղաքականացված կիրառման դրսևորում:
  • Արթուր Օսիպյանի քրեական հետապնդում:Վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը (հոդվածներ 330, 297, 211)՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի արդյունքում արված արտահայտությունների համար, առաքելությունը գնահատում է որպես առերևույթ չհիմնավորված և անօրինական: Արտահայտությունները, թեև կոշտ, գտնվել են քաղաքական քննադատության շրջանակում և չեն կարող ողջամտորեն որակվել որպես խուլիգանություն, քարոզչությանը խոչընդոտում կամ բռնության կոչ:
  • Խաղաղ հավաքի ազատության խոչընդոտում.Մայիսի 20-ին Հանրապետության հրապարակում «Բոլորին դեմ եմ» կուսակցության ակցիայի ժամանակ ոստիկանությունը նախ առաջարկել է տեղափոխել վայրը, ապա առգրավել է ակցիայի համար նախատեսված գոլային դարպասը: Ակցիան կրել է խաղաղ բնույթ, չի խոչընդոտել կառավարության շենքի մուտքն ու ելքը, և քանի որ մասնակիցների թիվը 100-ից պակաս էր, «Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն իրազեկում չի պահանջվում: Ոստիկանության գործողությունները գնահատվում են ոչ օրինական և անհամաչափ:

Ընտրախախտումների մասին հաղորդումներ ԵԱԴ դիտորդներից բացի կարող են ներկայացնել նաև մեր քաղաքացիները՝ այցելելով արդարքվե.հայ կամ youthvote.live էլկայքեր:

ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment